«Սա վեճ չի, ես շոկային վիճակի մեջ եմ». Արման Աբովյանը՝ Արման Բաբաջանյանի հայտարարությունների մասին

Այսօր ԱԺ նիստում արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածության քննարկման շրջանակներում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը խիստ քննադատության ենթարկեց Ռոբերտ Քոչարյան-Վարդան Օսկանյան տանդեմի կոմպլեմենտար և Սերժ Սարգսյան-Էդվարդ Նալբանդյան տանդեմի բազմավեկտոր քաղաքականությունները:

«Դեսպաններ են նշանակվել կասկածելի կենսագրությամբ ու քրեական անցյալով անձինք: Ամենախնդրահարույցը, թերևս, Ուկրաինայում Անդրանիկ Մանուկայնն է եղել, որը տարիներ շարունակ զբաղված է եղել դիվանագիտական պետհամարանիշներ վաճառելով և Ռուսաստանի շահերն առաջ մղելով»,- ասաց Ա.Բաբաջանյանը՝ հավելելով, որ Սերգեյ Մինասյանին Վրաստանում չընդունեցին որպես դեսպան և Սերժ Սարգսյանը նրան ուղարկեց Ռումինիա դեսպան, իսկ Վրաստանում դեսպան նշանակվեց և մինչ օրս պաշտոնավարում է շունբազ Ռուբեն Սադոյանը:

Ըստ նրա՝ ընդհանրապես հայկական դիվանագիտական ներկայացուցչությունները ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների կցորդներն են:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, նշելով, որ ինքը 3 տարի եղել է Ա.Մանուկյանի խորհրդականը, հայտարարեց, որ Բաբաջանյանը նեոադրբեջանական թեզեր է տարածում.

Կարդացեք նաև

«Այստեղ բոլոր արտահայտությունները, որոնք եղան Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի հասցեին, բացառապես բացահայտ սուտ էին և հիմնականում արտացոլում էին ադրբեջանական տեսակետը»:

Աբովյանը հարցադրում արեց, թե ինչն է ստիպում շարունակական զրպարտությամբ զբաղվել:

Այս արտահայտությունից հետո բանավեճ սկսվեց ԼՀ և ԲՀԿ-ական պատգամավորների միջև՝ հին ու նոր Հայաստանի հիշատակմամբ: Նաիրա Զոհրաբյանը փորձում էր զսպել Հրանտ Մադաթյանին և թույլ չտալ ընդհարում Էդմոն Մարուքյանի հետ:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կոչ արեց հանդարտվել և հարգել օրենսդիր մարմինը:

ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ելույթում կոչ արեց սուբյեկտիվ մոտեցումները չբերել օբյեկտիվ քաղաքականություն:

Լրագրողների հետ զրույցում Աբովյանը հորդորեց սկանդալի խրոնիկան ուսումնասիրել:

«Սա վեճ չի, ես շոկային վիճակի մեջ եմ»,- ասաց նա:

Հարցին՝ կդիմե՞ք դատարան, ի՞նչ եք անելու, Աբովյանը հայտարարեց, որ կքննարկեն խմբակցությունում:

Տեսանյութեր

Լրահոս