Հոգեբուժարանում անձին ապօրինի պահելու ՄԻՊ-ի արձանագրած դեպքով ոստիկանությունը հարուցել է քրեական գործ
Մարդու իրավունքների պաշտպանի խախտման որոշման հիման վրա նախապատրաստված նյութերով Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել հոգեբուժական հիվանդանոցում անձին ապօրինի պահելու հանցագործության հատկանիշներով:
Մասնավորապես, դեռևս անցյալ տարվա հոկտեմբերի 25-ին չհայտարարված այցի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանը «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում (նախկինում՝ «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն) արձանագրել էր չափահաս և գործունակ անձին իր կամքին հակառակ ապօրինի պահելու դեպք՝ ոչ հոժարակամ բուժման ընթացակարգերի բացակայության պայմաններում: Այդ անձը կարողացել էր լքել հոգեբուժարանը Պաշտպանի իրավասու ներկայացուցչի միջամտությունից հետո։
Դեպքից հետո Մարդու իրավունքների պաշտպանի կողմից կայացվել էր մարդու իրավունքների խախտման առկայության մասին որոշում, որն ուղարկվել էր Գլխավոր դատախազին, Ոստիկանության պետին և Առողջապահության նախարարին:
Այս նույն դեպքով Պաշտպանի որոշման հիման վրա Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հարուցել է վարչական վարույթ, որի արդյունքում հոգեբուժարանում արձանագրվել են խախտումներ և տրվել են պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ։