Բաժիններ՝

«Այս պահին գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված դասերի հետաձգման անհրաժեշտություն չկա». Արայիկ Հարությունյան

Հանրապետությունում գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված դասերի հետաձգման անհրաժեշտություն այս պահին չկա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ հայտնել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:

Նա նշել է, որ առավոտյան անակնկալ այց է կատարել Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի մեկական դպրոց և մանկապարտեզ՝ համոզվելու համար, թե ինչպիսին է իրավիճակը հիվանդացության և բացակայությունների առումով:

Նա տեղեկացրել է, որ ավագ դպրոց այցի ընթացքում նկատել է կարգապահության հետ կապված խնդիր: «Ես դպրոց եմ այցելել ժամը 9-ին: Աշակերտներն այդ ժամին դեռ նոր-նոր էին հաստատություն մտնում, մինչդեռ դպրոցում դասերը սկսվում էին 8:30-ին»,- ասել է նա:

Հարությունյանը նշել է, որ մանկապարտեզը, որտեղ այցելել էր, վերանորոգման կարիք ուներ, և հենց դրանով պայմանավորված միջանցքներում ջերմաստիճանը ցածր էր:

«Նախակրթարանում ականատես եմ եղել, թե ինչպես էին հիվանդ երեխաներին ուղարկում տուն: Բացակաների հետ կապված տնօրենը հավաստիացրել է, որ բացակա երեխաների միայն 10-15 տոկոսն է հիվանդ»,- ասել է նա, ուրախությամբ փաստելով, որ ծնողներն ավելի պատասխանատու են դարձել և հիվանդ երեխաներին չեն ուղարկում հաստատություններ:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ մի շարք դպրոցներում ընդհանուր վիճակը բարվոք չէ և հենց այդ խնդրով պայմանավորված էլ անհրաժեշտ ջերմային ֆոն չի ապահովվում: «Մենք այս տարի ավելի մեծ ուշադրություն կդարձնենք այդ խնդրին»,-հավաստիացրել է նախարարի պաշտոնակատարը:

Հանրապետությունում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը: Շարունակվում է սուր շնչառական վարակների նկատմամբ օրական մշտադիտարկումը: Առողջապահության նախարարությունից վստահեցնում են, որ չնայած արձանագրված ակտիվությանն իրավիճակը համահունչ է ներկայիս սեզոնին և վերահսկելի է: Հաշվի առնելով, որ ձմեռային արձակուրդներից հետո դպրոցներում և մանկապարտեզներում վերսկսվել է ուսումնական գործընթացը, ինչպես նաև հիմք ընդունելով գրիպի և սուր շնչառական վարակների ներկայիս սեզոնային իրավիճակը, իրականացվող աշխատանքներին զուգահեռ՝ համագործակցելով կրթության և գիտության նախարարության, տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների հետ, դպրոցներում և մանկապարտեզներում իրականացվել է «համաճարակային ֆիլտր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս