Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու վերաբերյալ ներկայացրած միջնորդության քննությունը դատարանը կշարունակի վաղը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդության քննությունը՝ նիստը կշարունակվի վաղը:

Նիստի ավարտից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ Դատախազությունը և քննիչն ինքնաբացարկի միջնորդություն են  ներկայացրել նախագահող դատավորին։ «Քննարկվեց այդ հարցը, պաշտպանական կողմն առարկեց միջնորդության դեմ, դատարանը հեռացավ խորհրդակցական  սենյակ որոշում կայացնելու, որոշումը կհրապարակվի վաղը 14։00-ին։

Եթե դատավորը որոշեց ինքնաբացարկ հայտարարել, ապա վաղվա դատական նիստը տեղի չի ունենա, գործը կփոխանցվի այլ դատավորի։ Եթե դատավորը ինքնաբացարկ չհատարարարի, ապա վաղը գրավի հարցի քննությունը կշարունակվի»,- նշեց Հայկ Ալումյանը։

Նրա դիտարկմամբ՝ գրավի հարցն այն հարցը չէ, որ շատ երկար քննարկվի, ավելին՝ ըստ նրա, շռայլ են ժամանակին վերաբերվում:

«Երբ իրենք են միջնորդություն ներկայացնում, որպեսզի անձին կալանավորեն, պատրաստ են ամբողջ գիշեր աշխատել, միայն թե անձին շուտ կալանավորեն։ Երբ խնդիրն անձին գրավով ազատ արձակելու մասին է,  10 օրով կարող են նիստը հետաձգել, այնուհետև ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելը մեկ ամբողջ օրով հետաձգվել։ Կարծում եմ՝ սա ժամանակի նկատմամբ ճիշտ վերաբերմունք չէ»,- ընդգծեց փաստաբանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս