Հիանալի տարի էր ինձ համար. Մարկոս Պիզելլի
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Մարկոս Պիզելին անցնող տարին իր համար հաջողված է համարում:
«Ես շատ հպարտ եմ և երջանիկ՝ այս մրցանակը ստանալու կապակցությամբ: Ուղղակի հիանալի տարի էր ինձ համար: Միակ վատ կողմը, իհարկե, վնասվածքն էր, բայց ես հպարտ եմ, որ վնասվածքս ստացել եմ Հայաստանի ազգային հավաքականին օգնելիս: Ամեն ինչ անելու եմ՝ հաջորդ տարի ավելի շատ մրցանակներ նվաճելու համար, բայց այս անգամ՝ արդեն թիմային: Ֆուտբոլում կարող ես քեզ հաջողակ համարել միայն այն դեպքում, երբ նվաճում ես թիմային պարգևներ»- Պիզելիի խոսքերը փոխանցում է ֆուտբոլի ֆեդերացիան:
Կիսապաշտպանը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի ազգային հավաքականի, այնպես էլ «Ակտոբեի» բոլոր երկրպագուներին մշտապես աջակցելու համար, ինչպես նաև շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ` մաղթելով որ միշտ լինեն լավատես և մնան հավաքականի կողքին:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2018 թ. քվեարկության արդյունքները: Հավաքելով 171 միավոր` Հայաստանի 2018 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելլին: