Որոնք են Երջանկության համաշխարհային զեկույցում ընդգրկված երկրները
2018թ․ «Երջանկության համաշխարհային զեկույցում» Թուրքիան նախորդ տարվա համեմատ 5 հորիզոնականով զիջել է իր դիրքերը։
Ցանկի առաջատար տասնյակում տեղ են գտել նույն երկրները, ինչ և նախորդ տարի, փոփոխվել են միայն նրանց զբաղեցրած հորիզոնականները։ Առաջին տեղը զբաղեցրել է Ֆինլանդիան։ Երկրորդում Նորվեգիան է, երրորդում՝ Դանիան, որին հաջորդում են Իսլանդիան, Շվեյցարիան, Նիդերլանդները, Կանադան, Նոր Զելանդիան, Շվեդիան, Ավստրալիան։
Ռուսաստանն այս ցանկում զբաղեցրել է 59-րդ հորիզոնականը, Ադրբեջանը՝ 87-րդ, Վրաստանը՝ 128-րդ, Հայաստանը՝ 129-րդ։
Թուրքիան 156 երկրների շարքում ըստ բնակչության երջանկության չափանիշի զբաղեցրել է 74-րդ տեղը։ Նշենք, որ 2017թ․ այս երկիրը նախորդ տարվա համեմատ 9 աստիճանով բարելավել էր իր դիրքերը՝ գրավելով 69-րդ տեղը։
Այս տարի առաջին անգամ ուսումնասիրվել է նաև բնակչության երջանկության վրա գաղթի ազդեցությունը։ Պարզվել է, որ ընդհանուր առմամբ գաղթականների երջանկության մակարդակը համապատասխանում է նրանց ընդունող երկրների բնակիչների մոտ գրանցված արդյունքներին։
Իսկ աշխարհի ամենադժբախտ 5 երկրներն են Եմենը, Տանզանիան, Հարավային Սուդանը, կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը և Բուրունդին։