«Այս կառավարության գործունեության արդյունքն անվտանգության բանագավառում որոշակիորեն հիասթափեցուցիչ է». Ավետիք Չալաբյան
Նորաստեղծ «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ Ավետիք Չալաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն առանձնացրեց նոր կառավարության գործունեության՝ անվտանգության հետ կապված խնդիրները։
«Անվտանգությունը բազմաթիվ խնդիրների համակցություն է, և այս կառավարության գործունեության արդյունքն անվտանգության բնագավառում որոշակիորեն հիասթափեցուցիչ է։ Իրենք կենտրոնացած են եղել ներքին օրակարգի վրա և անվտանգության մասով թույլ են տվել բացթողումներ: Նախիջևանի զարգացումներն ինչ-որ առումով անուշադրության արդյունք են: Հիմա մեր բանակը սկսել է հակազդման գործողություններ, բայց մեզանից նաև քաղաքական խիզախությունն է պահանջվում»,- ընդգծեց նա։
ՀԱՊԿ զարգացումները, Ավետիք Չալաբյանի խոսքով՝ կապված են Հայաստանի ներքին օրակարգի հետ. «Հապճեպությունը բերել է նրան, որ ՀԱՊԿ մեր գործընկերների հետ ստեղծել ենք արհեստական խնդիր, որը կարող էր չլինել: Դա ևս դրական չէ: ՌԴ-ի հետ մենք ունենք ռազմատեխնիկական համագործակցության բավական մեծ օրակարգ, որը հետ է ընկել: Չի ձախողվել, բայց զարգանում է շատ ավելի դանդաղ, քան մենք կուզենայինք: Այս տարվա ընթացքում Ադրբեջանն ավելի մեծ ռազմատեխնիկական առաջընթաց է արձանագրել, քան մենք»։
«Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամն ընդգծեց, որ Արցախի հարցում բանակցային գործընթացը պետք է փոխվի. «Պետք է կարողանանք բանակցային գործընթացը փոխել, մեր գործընկերներին բերել այն գիտակցության, որ մադրիդյան սկզբունքները փակուղային ճանապարհ են: Պետք է հասնել նրան, որ բանակցային օրակարգն ու բանակցությունների հիմնական սկզբունքներն արմատական փոփոխության ենթարկվեն»,- ընդգծեց նա։
Միևնույն ժամանակ Ա. Չալաբյանն ասաց, որ հետհեղափոխական անցումային շրջանում կարող էր ավելի վատ լինել, քան հիմա է. «Կարող էին նոր պատերազմական գործողություներ սկսվել, ամեն ինչ կարող էր լինել, ես ունեմ որոշակի հիասթափություն, բայց դա գուցե պայմանավորված էր այն անցումային շրջանով, որով մենք անցանք»։