Անապահով ընտանիքների երեխաները դպրոցներում խոսող գրքերից կօգտվեն սարքավորումների բանկերի միջոցով

Դպրոցներում խոսող գրքերի հայտնվելուց հետո այն երեխաներն, ովքեր համապատասխան սարքավորումներ ձեռք բերելու հնարավորություն չեն ունենա, կօգտվեն դպրոցում գործող սարքավորումների բանկերից: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:

«Մենք հիմա պետք է բանակցենք մի շարք հայտնի ընկերությունների հետ ու դիմենք նաև դրամաշնորհների, որի արդյունքում մենք կունենանք նման սարքերի բանկեր դպրոցներում, ու դասի ժամանակ, եթե անհրաժեշտություն լինի, դպրոցը դրանք կտրամադրի այն երեխաներին, որոնք այդ սարքերը չեն ունենա: Հիմա սմարթֆոնները բավական տարածված են նաև մարզերում ապրող երեխաների շրջանում, բայց բոլոր նրանք, ովքեր դրա կարիքը կունենան, այդ բանկերի միջոցով դրանք կկիրառեն»,- ասաց Հարությունյանը:

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ դպրոցներում առաջին խոսող գիրքը կհայտնվի արդեն գարնանը:

«Գարնանը կունենանք պիլոտային մեկ դասագիրք, արդյունավետության դեպքում արդեն մյուս դասագրքերը կլինեն խոսող: Մենք, իհարկե, կանենք առավելագույնը, որպեսզի տարրական դպրոցում զերծ մնանք սարքերի օգտագործման անհրաժեշտությունից կամ դրա օգտագործման ժամանակը զգալի կրճատենք, իսկ միջին ու ավագ դպրոցում ավելի տարածված կլինեն նման գրքերը»,- նշեց Արայիկ Հարությունյանը:

Դեկտեմբերի 2-ին ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել էր տեսանյութ, որտեղ Arloopa ծրագրի միջոցով մանրամասներ էր ներկայացրել խոսող գրքերի մասին:

«Այսուհետ դպրոցներում մեր աշակերտների գրքերը խոսելու են. թեորեմները պատմելու են իրենց ապացուցման եղանակների մասին, աստղերն այլևս չեն հուշելու, այլ պատմելու են և նորմալ արտահայտվելու, իսկ զորավարները պատմելու են իրենց արշավանքների մասին»,- գրել էր Հարությունյանը:

Տեսանյութեր

Լրահոս