Բաժիններ՝

Լոնդոնի «Գաթվիկ» օդանավակայանի աշխատանքը լրջորեն խաթարված է անօդաչուների ակտիվության պատճառով

Լոնդոնի «Գաթվիկ» օդանավակայանի աշխատանքի ընդհատումները կազդեն բոլոր այն չվերթների վրա, որոնց թռիչքները պլանավորված են դեկտեմբերի 20-ին: Այդ մասին ասված է օդանավակայանի թվիթերում:

«Դեպի «Գաթվիկ» եւ այնտեղից բոլոր թռիչքները կասեցված են օդանավակայանի մերձակայքում անօդաչուների շարունակվող ակտիվության պատճառով: Ցավոք, զգալի ուշացումներն ու չեղարկումները կվերաբերեն այսօրվա բոլոր չվերթներին»,-նշվում է օդանավակայանի հաղորդագրության մեջ:

Օդանավակայանի մամուլի ծառայությունում Sky News հեռուստաալիքին հայտնել են, որ օդանավակայանը դեկտեմբերի 20-ին պետք է սպասարկեր 760 չվերթ եւ ընդուներ 110 հազար ուղեւորների: Նախօրյակին օդանավակայանի փակման հետեւանքներն ազդել են 10 հազար ուղեւորի վրա:

Լոնդոնի «Գաթվիկ» օդանավակայանի աշխատանքը կասեցվել էր օդանավակայանի մերձակայքում հայտնված երկու անօդաչուների վերաբերյալ հաղորդումների պատճառով:
Օդանավակայանն աշխատանքը դադարեցրել էր դեռ դեկտեմբերի 19-ի տեղական ժամանակով ժամը 21:03-ին (Երեւանի ժամանակով դեկտեմբերի 20-ին ժամը 01:03-ին), այնուհետեւ կարճ ժամանակով օդանավակայանը բացվել էր, իսկ Լոնդոնի ժամանակով ժամը 03:45-ին՝ վերստին դադարեցրել աշխատանքը:

Ավիաընկերությունում միջոցներ են ձեռնարկում, որպեսզի միջադեպից տուժած ուղեւորները տեղավորվեն հյուրանոցներում կամ թռիչքի համար մեկնեն այլ օդանավակայաններ: Օդանավակայանը ոստիկանության հետ համատեղ տեղի ունեցածի հետաքննություն է անցկացնում:

Չվերթները, ինչպես հայտնում է Sky News հեռուստաալիքը, ուղարկվում են Լոնդոնի «Հիթրոու» եւ «Սաութենդ» օդանավակայաններ, ինչպես նաեւ այլ քաղաքներ՝ Լութոն, Լիվերպուլ, Բիրմինգհեմ, Քարդիֆ, Բրիսթոլ եւ Մանչեսթր: Նշվում է, որ չվերթներից մի քանիսը նաեւ վայրէջքի են ուղարկվում Ամստերդամ եւ Փարիզ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս