«Սկզբունքային դիրքորոշում է, որ սպառազինությունների մրցավազքը պետք է կանխվի»․ ՀՀ ԱԳՆ
«Սպառազինությունների մրցավազքի կանխարգելման հարցը բարձրացնում ենք բոլոր հանդիպումների ընթացքում և բազմակողմ հարթակներում»,- այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ զենքի վաճառքի վերաբերյալ մեկնաբանություններին։
Աննա Նաղդալյանն ասաց, որ այդ հայտարարություններին անդրադարձել են ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ու նրա խոսնակը։ Սակայն ԱԳՆ-ի անունից խոսնակն ասաց, որ այս տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը մշտապես եղել է հայկական օրակարգում։
Նա հիշեցրեց, որ այդ մասին իր ԵԱՀԿ նախարարական համաժողովի ելույթում նշել է նաև ԱԳՆ ղեկավարը՝ ասելով, որ սպառնալիքների նվազեցման միջոցները պետք է առաջնային նշանակություն ունենան ԵԱՀԿ երկրների քաղաքականությունում, և, որ զենքի վաճառքն ուղղակի կերպով նպաստում է դրա կիրառման սպառնալիքին, ուստի ԵԱՀԿ երկրները պետք է վերանայեն իրենց գործելաոճը։
Նաղդալյանը նաև շեշտեց, որ սպառազինությունների մրցավազքի կանխարգելման հարցը հայկական կողմը բարձրացնում է տարբեր մակարդակներում իր հանդիպումների ու շփումների ժամանակ, բազմակողմ հարթակներում։
«Սկզբունքային դիրքորոշում է, որ սպառազինությունների մրցավաքը պետք է կանխվի»,- ընդգծեց Աննա Նաղդալյանը՝ հորդորելով այս դիրքորոշումը չշփոթել կարողությունների պակասի հետ, քանի որ հայկական կողմը պատրաստ է երաշխավորել Հայաստանի և Արցախի անվտանգությունը։