Բաժիններ՝

Հայաստանում առաջին անգամ ներդրվել է էլեկտրոնային փողի համակարգը

Հայաստանում էլեկտրոնային առեւտրի զարգացմանը մեծապես կնպաստի մեր երկրում վերջերս ներդրված էլեկտրոնային փողի համակարգը: 2012թ. ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ` «Իդրամ» ընկերությունը էլեկտրոնային փող թողարկելու եւ սպասարկելու թույլտվություն է ստացել: Արդյունքում՝ Հայաստանում առաջին անգամ ներդրվում է էլեկտրոնային փողի համակարգը, ինչի շնորհիվ ինտերնետ միջավայրում առեւտուրը հնարավոր կլինի իրականացնել առավել հեշտ կերպով: Այս մասին 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Իդրամ» ընկերության տնօրենի խորհրդական Գեւորգ Պողոսյանը: Նրա խոսքով՝ զարգացած երկրներում մարդիկ ինտերնետային առեւտրի ժամանակ այլեւս վճարումներ չեն կատարում viza եւ master քարտերով, քանի որ էլեկտրոնային փողն ավելի ապահով է:  “Viza եւ master-ի տեղեկատվությունը տարբեր կայքերից գողանալը եւ այդ  գումարը կանխիկացնելը շատ ավելի հեշտ է, այդ է պատճառը, որ արտասահմանում մարդիկ իրենց քարտերի գումարը էլեկտրոնայնացնում են”,- ասաց Գ.Պողոսյանը: Նրա խոսքով՝ եթե նույնիսկ հաջողվում է մուտքի հնարավորություն ստանալ էլ. փողի հաշիվ, ապա կարող են միայն ազդեցություն ունենալ այն միավորների վրա, որը viza-ից փոխանցվել է հաշվին, բայց այդ միավորներն էլ չեն կարող կանխիկացնել:

Գ. Պողոսյանի խոսքով՝ հայկական էլեկտրոնային փողը` Իդրամը, համարժեք է 1 դրամի եւ էլեկտրոնային առեւտուր իրականացնելիս մարդիկ չեն տուժում եւ ոչ մի դրամ: Այսինքն՝ ծախսել կարող են մինչեւ իրենց վերջին դրամը: Պողոսյանը նշում է նաեւ, որ հայկական էլեկտրոնային դրամն անվտանգ է, այն 7 աստիճանի անվտանգութան համակարգ ունի, ինչը ընդունված է միջազգային էլ.  առեւտրի շուկայում: Նշենք, որ նախկինում Իդրամը էլեկտրոնային փող չէր համարվում միջազգային շուկայում եւ փոխարկելի չէր, իսկ այժմ այլ երկրներում գործող էլեկտրոնային փողերի հետ այն կարելի է փոխարկել:

«Իդրամի» շրջանառության հիմնական ծավալը կոմունալ վճարումներն են եւ խաղադրույքները

«Իդրամի» շրջանառության հիմնական ծավալը կոմունալ վճարներն են եւ խաղադրույքները: Այս մասին ասաց «Իդրամ» ընկերության տնօրենի խորհրդական Գեւորգ Պողոսյանը: Նրա խոսքով` ինտերնետային առեւտուրը կամ էլ. վճարումները խանութներում դեռեւս շատ քիչ տոկոս են կազմում: Գ. Պողոսյանը նշեց, որ վերջին տարիներին ինտերնետի եւ համակարգիչների տարածումը նպաստել է նրան, որ արդեն ունենք հայկական էլ. փող, սակայն ինտերնետով վաճառք իրականացնող հայկական խանութները դեռեւս քիչ են: “Այս ամենը զուտ ժամանակի խնդիր է, բիզնես դաշտը էլեկտրոնային միջավայրում կամաց-կամաց կսկսի ավելի մեծ ներկայություն ունենալ”,-ասաց Գ. Պողոսյանը՝ հավելելով, որ իրենք տեսնում են, որ շուկան զարգանում է, եւ շրջանառության առումով էլ սպասում են, որ շատ լուրջ աճ կլինի:

“Ներկայում հայ սպառողների համար դրականն այն է, որ իրենք ուղղակի կարող են օգտագործել իրենց Իդրամը միջազգային շուկաներում, կամ գոնե փոխարկել այն ինտերնետ տարադրամի փոխանակման կետում, օրինակ՝ uchange.net-ում, որտեղ տվյալ պահի դրությամբ արտարժույթը ներկայացվում է եւ կատարել իրենց գնումը”,-ասաց Գ. Պողոսյանը: Ըստ նրա՝ բիզնեսը գնում է դեպի էլ. կոմերցիա, իսկ ապագայի շրջանառությունը դա էլ. կոմերցիան է եւ ինտերնետ միջավայրը:

Նշենք, որ «Իդրամ» համակարգը շուկայում գործում է 2004 թվականից: Այն որպես օպերատոր հանդիսանում է 2008 թվականից, 2009թ. վերջից ստացել է դրամական փոխանցումների լիցենզիա, որի արդյունքում «Իդրամ» համակարգով այլ ծառայություներից ևս արդեն կարողանում ենք օգտվել, մասնավորապես դրամական փոխանցումներ ենք կարողանում կատարել: 2012թ. ստացել է էլ. փող թողարկելու թույլտվություն:  Ներկայումս «Իդրամը» ունի 40- 50 հազար գրանցված հաճախորդներ, որոնցից ակտիվ օգտագործողները 4-5 հազարն են:

Նշենք, որ ընդամենը օրերս “Իդրամ” ընկերությունն և Պրոմեթեյ Բանկը լրագրողներին ներկայացրեցին MasterCard միջազգային վճարային համակարգի` քո-բրենդ ծրագրին, որի շնորհիվ Պրոմեթեյ Բանկը “Իդրամ” ընկերության կողմից մատուցվող վճարահաշվարկային ծառայություններից օգտվող հաճախորդներին անվճար կտրամադրի MasterCard  Standard  քո-բրենդ վճարային քարտեր, ինչի շնորհիվ «Իդրամ» վճարային համակարգից օգտվողները բացառիկ հնարավորություն կստանան իրենց վիրտուալ հաշիվներում առկա էլեկտրոնային փողերը վերածել իրական փողի՝ գումարները փոխանցելով իրենց քարտային հաշիվներին: Քարտի միջոցով հնարավոր է նաև իրականացնել անկանխիկ վճարումներ ՀՀ-ում, ԼՂՀ-ում, ինչպես նաև ամբողջ աշխարհում գործող տասնյակ միլիոնավոր առևտրի և սպասարկման կետերում, ինչպես նաև ինտերնետ միջավայրում:

Լուսինե Մովսիսյան

Հ.Գ. Ի դեպ, Պողոսյանը նշեց նաեւ, որ շուտով էլեկտրոնային փողը հնարավոր կլինի կիրառել նաեւ բջջայիններով՝ iphone-ով եւ անդրոյդ-ով, իսկ դրա մասին ավելի մանրամասն կներկաայցնեն առաջիկայում ծրագրի շնորհանդեսի ժամանակ: Նշենք, միայն այն, որ բազմաթիվ զարգացած երկրներում բջջայինով էլ. փողի կիրառումը եւ էլ. առեւտուրը սովորական երեւույթ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս