Գողություններ են կատարվել հայ-վրացական սահմանում կայանած աջ ղեկով մեքենաներից
«Գողություններ են կատարվել Բագրատաշենի մաքսակետում կայանած աջ ղեկով մեքենաներից: Տարել են հայելիներ, անտենաներ, ամեն ինչ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Դավիթ Գասպարյանը:
Հարցին՝ դեռևս Կառավարության հետ խնդրի շուրջ համաձայնության չե՞ն եկել, նախաձեռնության անդամը փոխանցեց, որ դեկտեմբերի 12-ին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանի հետ հեռախոսազրույց են ունեցել, ով տեղեկացրել է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանձնարարականներ է տվել, որ աջ ղեկով մեքենաների հարցը ևս մեկ անգամ քննարկեն, գտնեն հնարավոր տարբերակներ ու մեքենաները ներմուծեն գործարանային կառուցվածքով:
«Դեկտեմբերի 17-ին էլ հանդիպեցինք ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի հետ, ով ասաց, որ նախագիծը մշաման փուլում է, մի քանի գերատեսչությունների հետ արդեն համաձայնության են եկել, մնացել են մի քանիսը, որոնց հետ էլ համաձայնության գալուց հետո ծրագիրը կմշակեն, ապա նախաձեռնության անդամներին կներկայացնեն, կհամաձայնեցնեն»,- նշեց Դավիթ Գասպարյանը:
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամը հայտնեց, որ 450 աջ ղեկով մեքենաները շարունակում են մնալ հայ-վրացական սահմանում:
«Մեքենաների թիվն օր օրի ավելանում է, դեկտեմբերի 18-ին էլ բեռնատարների վարորդները բողոքի ակցիա են իրականացրել՝ նշելով, որ խանգարում ենք իրենց, օրերով մնում են սահմանին կանգնած»:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 6-ին որոշեց ղեկի աջ տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները թույլատրել մինչև 2019թ. մարտի 1-ը ներմուծել, 6 ամսվա ընթացքում ղեկը տեղափոխել, մաքսազերծել, հաշվառել ու շահագործել:
«Որոշման նախագծով սահմանվում է ՀՀ մաքսային տարածքում տեղակայված, ինչպես նաև՝ մինչև 2019 թ. մարտի 1-ը ներմուծվող աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները ՀՀ տարածք ներմուծել՝ վերամշակում ներքին սպառման համար մաքսային ընթացակարգով: Նշված ընթացակարգը հնարավորություն կտա աջակողմյան ղեկային տեղաբաշխում ունեցող տրանսպորտային միջոցները ներմուծել ՀՀ տարածք, մինչև 6 ամսվա ընթացքում իրականացնել ղեկի տեղափոխում, այնուհետև մաքսազերծելուց հետո հաշվառել ՀՀ ոստիկանությունում ու ազատ շահագործել ՀՀ տարածքում»:
Այս որոշումը չգոհացրեց «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներին: Նրանք դեմ են ղեկը փոխելուն: Ասում են՝ կան մեքենաներ, որոնց ղեկն ուղղակի չի թույլատրվում աջից ձախ տեղափոխել:
Նշենք, որ վերջին շրջանում աջ ղեկով մեքենաների ներմուծմամբ զբաղվող մի խումբ քաղաքացիներ բողոքում են՝ պնդելով, որ այս տարվա ապրիլի 1-ից այդ մեքենաների ներկրումն արգելող օրենքի նախագծի քննարկումների փուլում իրենց ասվել է, որ արգելքը ժամանակավոր է՝ մինչև հոկտեմբերի 1-ը:
Այդ մասին իմանալով՝ իրենք փորձել են մեքենաներ ներկրել և ներմուծել հոկտեմբերից, սակայն պարզվել է, որ ընդունված օրենքում արգելքը ոչ թե ժամանակավոր բնույթ է կրում, այլ՝ մշտական:
Անի Կարապետյան