Խարբերդի սպանությունը կատարել է եղբայրը, թե՞…

Երեկ` հունիսի 29-ին սպանություն էր տեղի ունեցել Նոր Խարբերդում։ Ժամը 18.30–ի սահմաններում Ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Նոր Խարբերդի ամառանոցներից մեկում մահացած կնոջ դի կա։
Նշված հասցե էին ժամանել Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ Շենգավիթի ոստիկանապետ Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ։ Օպերատիվ–քննչական խումբը նշված տան հյուրասենյակում հայտնաբերել էր 50-ամյա Մարիաննա Հովհաննիսյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացությամբ, մարմնի վրա կա սուր կտրած–ծակած հարվածի 20–ից ավելի հետք` որովայնի, կրծքավանդակի, ձեռքերի և դեմքի հատվածներում։
Նոր Խարբերդում խոսում են, որ Մ. Հովհաննիսյանին սպանել է եղբայրը, ով տառապում է հոգեկան հիվանդությամբ և որոշ ժամանակ առաջ բուժում է ստացել հոգեբուժական կենտրոններից մեկում: Նա ոստիկանների կողմից հայտնաբերվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի վարչակազմի շենքի հարևանությամբ գտնվող այգում:
Քննչական խումբը սպանվածի տան նկուղային հարկում հայտնաբերել է լուցկու հատիկներից սարքված 34 կիսակառույց բուրգեր, բանտի մահճակալի նմանությամբ սարքած մահճակալ, ինչպես նաև զառեր, թղթախաղի թղթեր և կենդանու ատամներ։ Այդտեղ հայտնաբերվել է նաև չհրկիզվող մի պահարան, որը միացված է եղել էլեկտրականությանը։
Այսուհանդերձ, սպանությունը կատարել է եղբա՞յրը, թե՞ ոչ` կպարզվի փորձագիտական եզրակացության արդյունքում։
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

Տեսանյութեր

Լրահոս