Բաժիններ՝

Նաիրիտցիները հիշում են Փաշինյանի խոստումներն ու պահանջում են

«Նաիրիտ» գործարանի նախկին ու ներկա աշխատակիցներն այսօր կրկին բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ։ Նաիրիտցիները պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։

«Նաիրիտի» համակարգող խմբի անդամ, գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը 168.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ կառավարությունը ոչ մի խնդրով չի զբաղվում, սնանկության գործընթացը շարունակվում է, սնանկության կառավարիչը շարունակում է գույքի օտարումը, չնայած տեխնիկական փորձաքննությունն ավարտվել է, և եվրոպացի ներդրողները հանդիպել են կառավարության ներկայացուցիչների հետ ու նորից կրկնել իրենց հաստատակամությունը՝ ներդրում իրականացնելու և գործարանը վերագործարկելու համար։

«Մինչ օրս կառավարությունից որևէ ձայն, որևէ պատասխան չկա»,- ասաց Կ.Իսրայելյանը։

Նաիրիտցիների հերթական վրդովմունքի պատճառը դարձել է իրենց աշխատավարձի պարտքի տոկոսների վճարման խնդիրը։

Ինչպես «Նաիրիտի» հետ կապված ցանկացած նախկին խարդավանք, այնպես էլ այս հարցը բավականին «խուճուճ» է։

Դեռ 3-4 տարի առաջ գործարանի աշխատակիցների մեծ մասի կրճատումից հետո նրանց աշխատավարձի պարտքը մարելու նպատակով կառավարությունը գումարը փոխանցեց ոչ թե «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ին, այլ «Նաիրիտ 2» ընկերությանը՝ պատճառաբանելով, թե գործարանին փոխանցելու դեպքում ֆինանսներն առաջնահերթ կուղղվեին մյուս պարտքերի մարմանը։ Նաիրիտցիներին պարտադրեցին «Նաիրիտ 2»-ի հետ «կամավոր» ստորագրել իրենց չվճարված աշխատավարձի կուտակման պատճառով տույժերի ու տուգանքների իրավունքը (օրական 0.15%) զիջելու համաձայնագիր, և «Նաիրիտ 2-ը» վճարեց նրանց աշխատավարձերի միայն մայր գումարը: Մինչդեռ այդ տույժերն արդեն իսկ զգալի, գրեթե աշխատավարձի մայր պարտքին համարժեք մեծություն էին կազմում՝ մոտ 5 մլրդ դրամ:

Ավելի ուշ՝ 2017 թ., «Նաիրիտ» գործարանի հարյուրավոր նախկին աշխատակիցներ դիմեցին դատարան՝ ընդդեմ «Նաիրիտ 2» ՓԲԸ-ի՝ պահանջելով բռնագանձել աշխատավարձերի վերջնահաշվարկներից բխող տույժերն ու տուգանքները (ԵՇԴ/2873/02/17)։ Գործի քննությունը դեռ շարունակվում է, նախորդ նիստը կայացել է դեկտեմբերի 10-ին։

Եվ ահա այս դատական գործընթացի ժամանակ նաիրիտցիները պարզել են, որ դեռևս 2017թ. կառավարությունը կրկին «խարդախության» է դիմել՝ փորձելով կանխել հնարավոր իր համար ոչ բարենպաստ դատական որոշման հետևանքները։ Նախկին աշխատակիցներին օրինական ձևով իրենց հասանելիքը վճարելու փոխարեն, կառավարությունն այդ գումարը ձևակերպել է «Նաիրիտ 2»-ի վրա։

«4 մլրդ 200 մլն պակասեցրել են «Նաիրիտ 2»-ից, հետո՝ ավելացրել, որ ժողովրդին խաբեն։ Պարզ երևում է, որ ավանտյուրա է։ Ստացվում է, որ անիմաստ էր նաիրիտցիների դատարան դիմելը»,- ասաց Կ.Իսրայելյանը։

Հիշեցնենք, որ 2014 թ., քիմիական հսկայի վերջնական կործանման օպերացիայի մեկնարկից առաջ, «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի փոխտնօրենի պաշտոնից հրաժարական էր տվել այն ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը՝ Աշոտ Սարգսյանը, ով 2005 թվականից ի վեր զբաղեցնում էր գործարանի կոմերցիոն գծով փոխտնօրենի պաշտոնը: Եվ չնայած գործարանի ֆինանսական ծանր վիճակին, Աշոտ Սարգսյանի վերջնահաշվարկի վճարումը չէր ուշացել, ու շատ կարճ ժամանակահատվածում նա ստացել էր 42 մլն դրամ:

Ներկայումս հերթական չարաշահումներից անհանգստացած նաիրիտցիների պահանջը մեկն է՝ հանդիպել անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ և, ի վերջո, իմանալ նրա դիրքորոշումը՝ ինչ-որ բան անելո՞ւ է, թե՞ ոչ։

Ի դեպ, դեռ պատգամավորության ժամանակաշրջանում, 2015 թ., Նիկոլ Փաշինյանն ակտիվորեն զբաղվում էր «Նաիրիտի» հարցով, հանդիպում էր ունեցել էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ, ապա ամենօրյա, անգամ ամենժամյա ռեժիմով ինֆորմացիա էր պահանջում նրանից։

Այժմ «ղեկը» Փաշինյանի ձեռքում է, բայց որևէ դրական տեղաշարժ դեռ չկա։

Ամեն դեպքում, նաիրիտցիները հիշում են Փաշինյանի խոստումներն ու պահանջում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս