Ադրբեջանցիների ուշադրության կենտրոնում նախագահական կայքերն են

Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ նախորդ 6 ամսվա ընթացքում հակերային հարձակման է ենթարկվել 500-600 հայկական կայք: Սակայն դրանց մեծամասնությունը եղել են կամ ուշ-ուշ թարմացվող, կամ ընդհանրապես չգործող կայքեր:Նա նշեց, որ հիմնական հարձակումները լինում են դեկտեմբերի վերջերին և հունվարի սկզբին. «Սա նշանակում է, որ կայքերի համակարգողներն զբաղված են ոչ թե դրանց անվտանգությամբ, այլ Մայրաքաղաքային աղցան ուտելով»:Մասնագետի խոսքով՝ այդ օրերին կոտրվել է շուրջ 400 հայկական կայք, ի պատասխան` հայկական կողմը հրապարակել է ադրբեջանցի լրագրողների էլեկտրոնային նամակները:Սամվել Մարտիրոսյանը մտահոգիչ համարեց այն, որ վերջին շրջանում ադրբեջանցիները հարձակվում են հայկական լրատվական կայքերի վրա. «Մեր կայքերը ֆինանսների բացակայության պատճառով հիմնականում պաշտպանված չեն, հեշտությամբ հնարավոր է կոտրել դրանց պաշտպանական համակարգը: Վերջին կես տարվա ընթացքում հարձակում է իրականացվել 15 լրատվական կայքի վրա»: Բանախոսի հավաստմամբ` ադրբեջանցիների ուշադրության կենտրոնում նախագահական կայքերն են: Նա ասաց, որ մի քանի օր առաջ հարձակում է կատարվել ՀՀ նախագահական կայքի վրա, որն անցել է ապարդյուն, սակայն կարողացել են կոտրել ԼՂՀ պետական կայքերը:
Սամվել Մարտիրոսյանը փոխանցեց, որ վերջերս գործում է նաև DDoS հարձակման մոդելը, որը շատ վտանգավոր է, քանի որ գրեթե անհնար է հայտնաբերել պատվիրատուին: Հազարավոր վարակված համակարգիչներից մտնում են տվյալ կայք, մինչդեռ պաշտպանական համակարգը թույլ չի տալիս վիրուսների հոսքը, և կայքը պարզապես դառնում է անհասանելի:

Տեսանյութեր

Լրահոս