«Ով խախտի այդ ավանդույթը՝ մեծ հարված կհասցնի Արցախ կերպարին». Լարիսա Ալավերդյան

«Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, որ Սերժ Սարգսյանը հրաժարվել է հանձնել ազատագրված տարածքները, նկատեց, որ Լուկաշենկոն իրեն զգում է ալիքի ամենաբարձր կետում և ցանկանում է ցույց տալ, որ որոշիչ դերակատարություն ունի ամենատարբեր հարթակներում։

«Բոլորը ցանկանում են իրենց Թրամփ ցույց տալ, սա ոչ միայն մեր տարածաշրջանում է, այլև Լատինական Ամերիկայում, Ասիայում։ Կարծում եմ՝ սրանք զուտ խոսքեր են, բացի այդ, նրանք գործընկերներ են եղել, հանդիպել են և աշխատել։ Այստեղ երրորդ գործոնը ՀԱՊԿ-ն է, և Բելառուսը կրկին ցանկանում է ցույց տալ, որ՝ «երեկ լավ էր, քան թե այսօր»։ Հանրության համար այս հայտարարությունը  չպետք է մեծ նշանակություն ունենա»,- ասաց Լ. Ալավերդյանը։

Պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինչո՞ւ Ադրբեջանը որոշեց այս ժամանակահատվածում Տավուշի մարզին սահմանակից Ղազախի և Աստաֆայի հատվածի պահպանությունը տալ սահմանապահ զորքերին, Լարիսա Ալավերդյանն ասաց, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո կար մեկ խնդիր, որը սարսափեցրել է Ադրբեջանին և նա կարողացել է վերջին երկու տարիների ընթացքում դուրս գալ դրանից։

«Այսինքն, թե ով է սկսում և առաջինը խախտում զինադադարի ռեժիմը: ՀՀ իշխանությունները՝ նախկին, թե ներկա, հետևողականորեն վերադառնում են ոչ թե այդ պարտավոության իրականացմանը, որովհետև սա պարտավորություն է նախ՝ Ադրբեջանի առջև, այլ գնում են իրավիճակային որոշ քայլերի։ Չկարծեք, թե բացասական եմ գնահատում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմանի կապ կա, բայց այս բոլորը իրավիճակային խնդիրներ են, որով Ադրբեջանը ցանկանում է ցույց տալ, թե որքան զիջումների է գնում։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում այդ սահմանում, Ադրբեջանը ցանկանում է ցույց տալ, թե՝ տեսեք՝ որքան զիջումների է գնում և նախաձեռնություններով հանդես գալիս։ Այս դեպքում Հայաստանը կրկին պատասխանողի դերում է»,- նշեց Լ. Ալավերդյանը և ընդգծեց, որ Ադրբեջանի նախագահն իր ներքին լսարանին հանդարտեցնելու համար հայտարարել է, որ Ադրբեջանի սահմանապահ զորքերն ավելի մարտունակ են և զինված։

Մեր հաջորդ հարցին՝ հաշվի առնելով Արցախի ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանին պաշտոնից ազատելու փաստը, հնարավո՞ր է՝ Արցախում ևս տեղի ունենա իշխանափոխություն և այն ի՞նչ հետևանքներ կունենա Արցախի համար, Լարիսա Ալավերդյանը պատասխանեց, որ ինչ էլ լինի Արցախում, պետք է լինի իրավունքին չհակասող, օրենքին համապատասխան։

«Մինչ այսօր մենք ունենք Արցախը՝ որպես օրինակելի չճանաչված պետություն, որտեղ իշխանափոխությունն օրենքով սահմանված կարգով տեղի է ունենում ընտրություններով։ Ցանկացած ոք, ով ուզում է այդ ավանդույթը խախտել՝ մեծ հարված կհասցնի Արցախ կերպարին և այնտեղ եղած իրավիճակին։ Ինչո՞ւ ոչ՝ կհաստատի այն խոսակցությունները, ըստ որոնց՝ Արցախն ինքնուրույն չէ և ղեկավարվում է այլոց կողմից, տվյալ դեպքում, Ռուսաստանի անունը չեն տա, կնշեն Հայաստանի անունը»,- եզրափակեց Լ. Ալավերդյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս