«Ինձ համար անակնկալ էր, երբ 4 ամիս հետո մեղադրանքը փոխվեց». Արմեն Գևորգյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ ՀՔԾ միջնորդությունը:

«Ինձ համար անակնկալ էր, երբ 4 ամիս հետո մեղադրանքը փոխվեց՝ հաշվի առնելով, որ օգոստոսի 3-ին, երբ դատարանի վրա ազդելու մեղադրանքը ներկայացվում էր, արդեն մեկ շաբաթ առաջ սահմանադրական կարգի տապալման մասին մեղադրանքն ուրիշներին ներկայացված է եղել։ Ի՞նչ փոխվեց 4 ամսվա ընթացքում, ես չգիտեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Գևորգյանը:

Դատարանների կաշկանդվածության վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Գևորգյանն ասաց, որ, համենայնդեպս, երեկ դատական քննության ժամանակ բոլոր կողմերը հնարավորություն են ունեցել ներկայացնել իրենց բոլոր փաստարկները.

«Ես որևէ կողմնակալություն չեմ տեսել, և քանի որ երեկ նիստն անցել է բավականին անկաշկանդ՝ իրավական փաստարկները ներկայացնելու տեսակետից, բոլոր հնարավորությունները կային, որ դատարանը պաշտպանական կողմի արգումենտները հիմք ընդուներ։ Թե հիմա կոնկրետ ինչով է առաջնորդվել դատարանը, այս պահի դրությամբ ես չեմ ուզում ասել, որովհետև մենք դեռ որոշումներ չունենք, բայց մյուս կողմից՝ երկրում ստեղծված իրավիճակը շատերին հուշում էր, որ կարող էր պոտենցիալ մեկ այլ որոշում լինել»։

Հարցին՝ ի՞նչ մասնակցություն է ունեցել Մարտի 1-ի արյունալի դեպքերին, նա պատասխանեց, որ հարցադրումը կոռեկտ չէ. «Հարցերը կտաք իմ փաստաբաններին, իրենք կպատասխանեն»։

Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանին դեռ 2018-ի օգոստոսին մեղադրանք է առաջադրվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասով, որը միացվել է 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործին: Արմեն Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Նրա մեղադրանքն այժմ լրացվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելը, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելը, ինչպես նաև ՔՕ-ի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ առանձնապես խոշոր չափերով։

Տեսանյութեր

Լրահոս