Ամենաշատը Գերմանիայից են հայերին «դեպորտ» անում. «մեղավորը» հեղափոխությունն է. «Փաստ»
«Փաստ» թերթին հասած տեղեկությունների համաձայն, վերջերս բավականին մեծ թվով մարդիկ են արտաքսվել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից եւ տեղափոխվել են Հայաստան: Նրանց մեծ մասը ընտանիքներով են եղել, որոնք տարիներ առաջ Հայաստանում վաճառել են իրենց տուն ու տեղը եւ մեկնել Եվրոպա՝ փախստականի կարգավիճակ ստանալու եւ եվրոպական երկրներից մեկում հաստատվելու ակնկալիքով:
Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը, «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով եվրոպական երկրներից վտարման դեպքերի ավելացմանը, նշեց, որ վերջին շրջանում իսկապես նման աճ կա, ինչը պայմանավորված է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներով եւ փոփոխություններով:
«Եվրոպական երկրներում փախստականի կարգավիճակ հայցող մեր հայրենակիցները պետք է հիմքեր ներկայացնեն: Եվ քանի որ մեր երկիրը, հատկապես վերջին քաղաքական փոփոխություններից հետո, դասվում է առավել ապահով երկրների շարքին եւ ժողովրդավարության մակարդակի աճ է նկատվում, ուստի դրա հետեւանքով նման դիմումները համարվում են անհիմն: Եվ ստացվում է, որ մարդիկ շարունակում են անօրինական հիմքով մնալ եվրոպական տարբեր երկրներում, բայց վաղ թե ուշ նրանք ենթակա են վերադարձի»,– ասաց Ն. Դավթյանը:
Նա հավելեց նաեւ, որ չնայած բոլոր նման անձինք ենթակա են վերադարձի, սակայն հայցի մերժումից մինչեւ արտաքսում կարող է որոշակի ժամանակ տեւել: Վերադարձման ընթացակարգը կարգավորվում է համաձայնագրով: Այդ շրջանակներում քաղաքացիներին վերադարձնելուց առաջ տվյալ երկրի միգրացիոն ծառայությունը հայկական ծառայությունից ճշտում է վերադարձի ենթակա անձի՝ ՀՀ քաղաքացի լինելու մասին տեղեկությունը:
Խոսելով վերջին օրերին մեկ չվերթով Գերմանիայից մեծ թվով Հայաստան վերադարձվածների մասին, Ն. Դավթյանը նշեց, որ հնարավոր է նման դեպք եղած լինի, եւ վերադարձված լինեն այն քաղաքացիները, որոնց ինքնությունը պարզ է եղել: Բայց, որպես լիազոր մարմնի ներկայացուցիչ, իրենք նման տեղեկություններ չունեն:
Խոսելով օդանավակայանում «դեպորտ» եղածների իրազեկումը տեղում կազմակերպելու եւ նրանց այդտեղից սկսած օգնություն ցուցաբերելու մասին, ծառայության մամուլի խոսնակն ասաց, որ նման գործառույթ ներկայում չեն իրականացնում: Հարցն առավել ակտուալ է, քանի որ եվրոպական երկրների չվերթները հիմնականում գիշերային ժամերին են իրականացվում: Եվ ստացվում է, որ Հայաստան վերադարձվածները մինչեւ կացարանի հարցը լուծելը փաստացի մնում են փողոցում:
Հայաստան հետ վերադարձի պայմանագիրը միայն ԵՄ երկրների հետ է գործում: Նոյեմբերի վերջի դրությամբ ընդհանուր առմամբ բոլոր եվրոպական երկրներից ծառայությունը 901 հայտ է ստացել, որոնք վերաբերել են 1825 անձի: Ստացված հայտերից 282–ի դեպքում քաղաքացիությունը չի հաստատվել, մնացածը ենթակա են վերադարձի: Դրանցից ամենաշատը՝ 623 հայտ, ստացվել է Գերմանիայից, որը 1277 անձի է վերաբերում: Հաջորդ տեղում Նիդերլանդներն են, հետո Ֆրանսիան, Ավստրիան եւ այլն:
Եվ եթե հաշվի առնենք, որ դրանից բացի արտաքսման են ենթարկվում նաեւ այնպիսիք, ում փաստաթղթերը պատշաճ վիճակում են, ապա կարող ենք արձանագրել, որ եվրոպական երկրներից «դեպորտ» եղած ՀՀ քաղաքացիների թիվն ավելի մեծ է, քան ներկայացվում է պաշտոնապես»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: