«Նման լուրերին ժպիտով եմ վերաբերում». Վլադիմիր Վարդանյանը՝ արդարադատության նախարար նշանակվելու և Արարատ Միրզոյանի ազգականը լինելու մասին

«Նման լուրերին պարզապես ժպիտով եմ վերաբերում, ժպիտով։ Ես շատ եմ գնահատում և ինձ ընկեր եմ համարում Արտակ Զեյնալյանին։ Եվ այսպիսի լուրերը ժպիտից բացի, ոչինչ չեն առաջացնում»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակի 53-րդ համար Վլադիմիր Վարդանյանը՝ մեկնաբանելով մամուլում տարածված լուրերը, որ ինքը հավակնում է արդարադատության նախարարի պաշտոնին և, ըստ որոշ լուրերի, Արարատ Միրզոյանի ազգականն է։

Վլադիմիր Վարդանյանը հերքեց նաև Արարատ Միրզոյանի հետ ազգակցական կապի առկայությունը. «Ես Արարատ Միրզոյանի ազգականը չեմ, մենք լավ ընկերներ ենք, հին ընկերներ ենք, ասպիրանտուրայոմ միասին ենք սովորել, երկար ժամանակ պայքարել ենք միասին, բայց ազգականներ չենք։ Սա էլ է ժպիտ առաջացնում»։

Վ.Վարդանյանը նշեց, որ, ամենայն հավանականությամբ, կվերցնի պատգամավորական մանդատը. «Ես նախատեսում եմ գնալ խորհրդարան, սա միանշանակ է, որովհետև ես ստացել եմ քաղաքացիների վստահության քվեն որոշակի առումով և ես պարտավոր եմ հաշվետու լինել քաղաքացիների առջև»։

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս