Թուրքիայում ամեն տանը մի կասկածյալ կա, երկիրը վերածվել է հսկայական բանտի

Դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման օրն է։ Այդ առթիվ Թուրքիայի «Մարդու իրավունքների միությունը» (İHD) ու «Մարդու իրավունքների հիմնադրամը» (TİHV) անդրադարձել են մարդու իրավունքների դրությանը երկրում։

TİHV նախագահ Շեբնեմ Քորուրը ուշադրություն է հրավիրել մասնավորապես այն փաստի վրա, որ Թուրքիայի բանտերը չափազանց ծանրաբեռնված են։ Թուրքիայի կալանավայրերում շուրջ 50․000-ով ավել բանտարկյալ կա, քան դրանք կարող են տեղավորել։ Բանտարկյալների ընդհանուր թիվը կազմում է 260․000։ Եվս 430․000 մարդ պայմանական ազատության մեջ է, իսկ կասկածյալի կարգավիճակ ունեցողների թիվը պարզապես միլիոններով է հաշվվում։

«Ամեն տան մեջ մի կասկածյալ կա, այդպիսով երկիրը վերածվում է հսկայական բանտի։ Թուրքիայում յուրաքանչյուր ընդդիմադիր ուժ որակվում է որպես ահաբեկիչ։

Թուրքիայում 2 միլիոն բանվոր երեխա կա, որոնց 53 տոկոսը երբևէ կրթություն չի ստացել։ Ուրեմն ինչպե՞ս կարելի է ասել, թե երկրում մարդու իրավունքները չեն ոտնահարվում»,- նկատել է տվել Քորուրը։

Իսկ İHD-ի ստամբուլյան բաժնի նախագահ Գյուլսերեն Յոլերն անդրադարձել է Թուրքիայում ձերբակալման ժամկետների երկարաձգման փաստին։ Ըստ Թուրքիայի սահմանադրության՝ այդ ժամկետը պետք է լինի 4 օր։ Մինչդեռ այսպես կոչված «օրենքի ուժ ունեցող որոշումներից» (KHK) մեկով ձերբակալման ժամկետի տևողությունը սահմանվել է 12 օր, ինչը, փաստորեն, հակասում է սահմանադրությանը։

Յոլերըն ընդգծել է, որ 2016թ․ հեղաշրջման փորձից հետո երկրում հայտարարված «արտակարգ դրության» ռեժիմի պայմաններում հազարավոր մարդիկ զրկվել են աշխատանքից։ Ու թեև «արտակարգ դրության» ռեժիմն արդեն դադարեցվել է, դրա հետևանքով սկիզբ առած իրավունքների խախտումներն ու սահմանափակումները դեռ լիովին չեն վերացվել։

TİHV-ի և İHD-ի հավաքած տվյալների համաձայն՝ վերջին երկու տարում աշխատանքից հեռացված 135․147 մարդուց միայն 3․833-ն է վերադարձել իր աշխատանքին։ Իսկ փակված 1575 հասարակական կազմակերպություններից վերաբացվել է միայն 206-ը։

Միևնույն ժամանակ, իրավապահների կողմից այս ընթացքում սպանվել է առնվազն 14 մարդ, բանտերում և ձերբակալվածների շրջանում՝ առնվազն 15 մարդ, զինվորական ծառայությունն իրականացնելիս կասկածելի պայմաններում սպանվել է 6 զինվոր։

Միայն վերջին մեկ տարում արդյունաբերական վթարներից երկրում զոհվել է 1797 աշխատող,  տղամարդկանց կողմից սպանվել է 340 կին։ 2018թ․ 11 ամսվա ընթացքում բռնության և վատ վերաբերմունքի գանգատով Թուրքիայի մարդու իրավունքների հիմնադրամին դիմել է 538 քաղաքացի։

ermenihaber.am

Տեսանյութեր

Լրահոս