Բաժիններ՝

Թուրքիան երբեք ագրեսոր չի՞ եղել

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկիրը չի պատրաստվում հարձակվել Սիրիայի վրա այդ երկրի կողմից ոչնչացված RF-4E հետախուզական ինքնաթիռի պատճառով, հաղորդում է «Ինտերֆաքսը»` հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին: «Թուրքիան և թուրք ժողովուրդը չեն պատրաստվում գրոհել: Մենք միայն միջոցներ ենք ձեռնարկվում, որ ունակ լինենք չեզոքացնել մեր միասնականությանն ու երկրի ամբողջականության դեմ ուղղված ցանկացած սպառնալիք», – հայտարարել է թուրքական կառավարության ղեկավարը: «Մենք երբեք չենք մտածել ուրիշի տարածք ներխուժելու մասին: Մենք երբեք այլ երկրների հանդեպ թշնամանք չենք արտահայտել», – ավելացրել է նա:
Նախօրեին Սիրիայի արտգործնախարարության մամուլի քարտուղար Ջիհադ Մակդեսին հայտարարել էր, որ թուրքական RF-4E հետախուզական ինքնաթիռը ոչնչացվել է ՀՕՊ զենիթային գնդացրի միջոցով, որի առավելագույն հեռահարությունը 2,5 կմ է:
«Թուրքիայի ՌՕՈւ ինքնաթիռի կողմից Սիրիայի օդային տարածքը հատելը անհերքելի փաստ է և կոպտորեն ոտնահարում է երկրի ինքնիշխանությունը: Սիրիան գործել է ինքնապաշտպանության նորմերի համաձայն, ոչնչացնելով թուրքական ինքնաթիռը ՀՕՊ զենիթային գնդացրի միջոցով, որի առավելագույն հեռահարությունը 2,5 կմ է կազմում»,- նշել է նա:
Թուրքիայի ԱԳՆ-ի ներկայացրած տվյալներով, ինքնաթիռը իսկապես «15 րոպե տևողությամբ» հատել է Սիրիայի սահմանը, սակայն երբ հայտնաբերվել է խախտումը, նորից վերադարձել է չեզոք տարածք, որտեղ և ոչնչացվել է: Թուրքական կողմը նշում է, որ ինքնաթիռը զենք չի կրել:
Հետաքրքիր է, որ “ուրիշի տարածք ներխուժելու մասին չմտածող” երկիրը առ այսօր օկուպացված է պահում Կիպրոսի հանրապետության կեսը, այստեղ ինչպես չհիշել ժողովրդական հայտնի խոսքը՝ “լեզուն ոսկոր չունի՝ ոնց ասես կպտտվի”:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս