«Իմ քայլը» միանձնյա պատասխանատվություն է ստանձնում հետագա գործընթացների համար. քաղաքագետ
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին գրանցված արդյունքները արտացոլեցին երկրում առկա հետհեղափոխական իրավիճակը: Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքի հաղթանակը շատ քչերն էին կասկածի տակ դնում:
«Ակնհայտ է եղել, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը ձեռք է բերելու բավական մեծ քանակով ձայներ, խնդիրն այն էր, թե որքան մեծ: ԿԸՀ-ի տվյալների համաձայն՝ պարզ է դառնում, որ «Իմ քայլը» բավական մեծ աջակցություն ունի, այդ ձայները պարունակում են բավական մեծ սոցիալական ու քաղաքական կապիտալ, որն անհրաժեշտ է ճիշտ օգտագործել՝ ի նպաստ պետության, սոցիալ-տնտեսական, քաղաքական զարգացմանը»,- ասաց Ալեքսանդր Մարգարովն՝ ավելացնելով, որ «Իմ քայլը» միանձնյա պատասխանատվություն է ստանձնում հետագա գործընթացների համար:
Նրա խոսքով, պարզ է, որ բնակչության շրջանում կան բավական մեծ սպասելիքներ, խնդիրն այն է, թե նոր կառավարությունն ինչ ծրագիր է ներկայացնելու և ինչպես է դա իրականացնելու:
Խոսելով խորհրդարան անցած քաղաքական մյուս ուժերի մասին՝ քաղաքագետը նշեց, որ ընդդիմադիրի գործառույթը, կարծես թե, պետք է իրենց վրա վերցնեն «Բարգավաճ Հայաստանը» ու «Լուսավոր Հայաստանը», սակայն, ըստ նրա, դա փոքր-ինչ դժվար է պատկերացնել:
«Նախ ասեմ, որ ընդհանուր առմամբ ծրագրային առումով խորհրդարան անցած քաղաքական ուժերի մոտ շատ տարբերություններ չկան: Մոտեցումները հիմնականում նույնն են, միայն, օրինակ, «Լուսավոր Հայաստանը» արտաքին քաղաքական դաշտում կողմնակից է արևմտյան վեկտորին:
Մյուս կողմից, այս քաղաքական ուժը Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցության հետ դաշնակից է եղել, դժվար է պատկերացնել ընդդիմության դերում հանդես գալը: Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստանին», ապա այս քաղաքական ուժը միշտ հայտարարել է, որ ինքը ոչ իշխանություն է, ոչ ընդդիմություն: Մի քիչ դա տարօրինակ է, բայց ամեն դեպքում ժամանակը ցույց կտա»,-ասաց քաղաքագետը:
Ալեքսանդր Մարգարովի կարծիքով, հետաքրքիր է պատկերացնել արտախորհրդարանական ընդդիմության գործունեությունը: Նրանք փորձելու են լինել ավելի քննադատող ընդդիմություն խորհրդարանում հայտնվածերի համեմատ:
Անդրադառնալով ընտրությունների քաղաքացիական մասնակցության թվին՝ քաղաքագետը բնական է համարում ընդդիմադիրների կողմից դա շահարկելը:
«Որոշ քաղաքական ուժեր շահարկելու են այս թվերը, ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները խոսելու են այն մասին, որ տեսեք ընտրություններին քիչ մասնակցեցին, հետևաբար դա թույլ է տալիս ասել, որ կա հիասթափություն և այլն: Իշխանական կողմն էլ նշելու է, որ եղել է ազատ ընտրություն, առկա չի եղել վարչական ռեսուրսի կիրառում, թվերն էլ արհեստական ձևով չեն բարձրացվել: Իրականում ճշմարտությունը, երևի, այս երկուսի մեջտեղում է:
Մի կողմից ընտրողների մոտ կա հոգնածություն, մյուս կողմից տեսնում են, որ «Իմ քայլը» հանգիստ մեծամասնություն է հավաքելու, մտածում է ընտրատեղամաս գնալու կարիք չկա, մյուս կողմից պետք է հաշվի առնել Հայաստանում գտնվող իրական ընտրողների թիվը»,- հավելեց նա:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների միջև ընտրողների քվեները բաշխվել են հետևյալ կերպ.
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 4,7 տոկոս կամ 59068 ձայն, «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցությունը` 0,68 տոկոս կամ 8533 ձայն, Հայ հեղափոխական դաշնակցությունը` 3,89 տոկոս կամ 48822 ձայն, «Իմ քայլը» դաշինքը` 70,44 տոկոս կամ 884849 ձայն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 6,37 տոկոս կամ 80049 ձայն, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը` 0,51 տոկոս կամ 6460 ձայն, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը` 0,33 տոկոս կամ 4122 ձայն, «Մենք» դաշինքը` 2 տոկոս կամ 25174 ձայն, «Օրինաց երկիր» կուսակցությունը` 0,99 տոկոս կամ 12390 ձայն, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը` 1,82 տոկոս կամ 22868 ձայն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 8,27 տոկոս կամ 103837 ձայն: