Facebook-ը բոլորին կարգելափակի սեքսուալ տողատակով ցանկացած բովանդակության համար
Facebook-ը կրկին փոփոխություններ է մտցրել իր կանոնադրության մեջ: Այս անգամ սոցիալական ցանցն արգելել է հրապարակել բովանդակություն, որը կունենա սեռական ոտնձգությունների համատեքստ: Facebook սոցիալական ցանցը զգուշացրել է իր օգտատերերին, որ նրանց կարող են արգելափակել նման բովանդակությամբ նյութերի համար:
«Մարդիկ Facebook-ն օգտագործում են սեռական բռնության շահագործման մասին քննարկումներ ունենալու, ինչպես նաև այս խնդրի նկատմամբ ուշադրություն հրավիրելու համար: Մենք հասկանում ենք այս խնդրի կարևորությունը և խրախուսում դրա քննարկումները: Այնուամենայնիվ, մենք թույլ չենք տալիս հրապարակել այնպիսի բովանդակություն, որը դրդում է սեռական շփման, կամ ստեղծված է, որպեսզի կազմակերպեն և համակարգեն նման շփումները: Մենք նաև սահմանափակում ենք սեռական բնույթի արտահայտությունների օգտագործումը, որը որոշ շրջաններում` մշակութային առանձնահատկությունները հաշվի առնելու տեսանկյունից, կարող է դիտվել՝ որպես ոտնձգություն, և խանգարել ընկերների և, առհասարակ, հասարակության հետ հաղորդակցությանը»,- ասվում է սոցցանցի տարածած հաղորդագրության մեջ:
Այսպիսով, այսուհետ Facebook սոցիալական ցանցում արգելվում է հրապարակել՝
Սեռական բնույթի գործողություններ կատարելու համար մարդկանց համակարգման և այլ անձանց ներգրավվելու փորձեր: Օրինակ՝ սեռական ակտերի նկարահանում, պոռնոգրաֆիա, էրոտիկ պարեր և մերսման տեսարաններ:
Ակնհայտ սեռական ոտնձգություն՝ հարցում, որոնում, կամ սեռական ակտի առաջարկ, զուգընկերոջ որոնում, հաղորդագրություններ կամ մեկնաբանություններ՝ սեքսուալ տողատակով, ինչպես նաև մերկ մարմնի նկարներ:
Անուղղակի սեռական ոտնձգություն` սեռական կապի մասին հիշատակում, ինչպես նաև այդ թեմայով մեկ կամ ավելի հայտարարություններ: Այդ թվում՝
- Ընդհանուր բնույթի հայտարարությունները, օրինակ՝ «Ես ուզում եմ երեկոյան զվարճանալ»:
- Սեքսուալ-սադրիչ սլենգ
- Սեքսուալ տողատակով ակնարկներ, օրինակ՝ դիրքեր, դերեր կամ ցանկացած ֆետիշ
- Բովանդակություն, որն ակնհայտ պատկերում է սեքսուալ ակտ, կամ՝ դիրքեր
- Սեքսուալ գործողությունների մասնակցելու հրավերներ, օրինակ՝ կոմերցիոն պոռնոգրաֆիայում նկարահանում, զուգընկերների որոնում, որին դուր են գալիս նույն ֆետիշները:
Սեռական բնույթի արտահայտություններ, որոնք ավելին են, քան պարզապես սեքսուալ վիճակի կամ սեռական ակտի մասին տվյալներ:
Facebook-ի նոր քաղաքականությունն արդեն իսկ դժգոհությունների տեղիք է տվել: Մասնավորապես, Reddit-ում օգտատերերը բողոքում են սոցցանցի՝ վերջին շրջանում տարածված նման փոփոխություններից: Հիշեցնենք, որ օրերս հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 17-ից Tumblr միկրոբլոգային ծառայությունն արգելելու է օգտատերերի կողմից հրապարակված մեծահասակների բովանդակությունը: Պլատֆորմը վերանայել է իր կանոններն այն բանից հետո, երբ նոյեմբերին այն ջնջվել էր App Store-ից՝ մանկական պոռնոգրաֆիայի պատճառով:
Սիրարփի Աղաբաբյան