Ամբողջ աշխարհի ուշադրությունը բևեռված է Հայաստանում ընթացող արտահերթ խորհրդարանական ընտրությունների վրա
Ողջ աշխարհի առաջատար լրատվամիջոցները դեկտեմբերի 9-ի վաղ առավոտից հետևում են Հայաստանում տեղի ունեցող արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության ընթացքին:
Բրիտանական BBC-ն «Հայաստանի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն անցկացնում է փորձնական արտահերթ ընտրություններ» խորագրով հոդվածում գրում է. «Հայերը կիրակի քվեարկում են արտահերթ խորհրդարանական ընտրություններում, որն ապրիլին երկիրը ցնցած խաղաղ «թավշյա հեղափոխության» հետևում կանգնած մարդու համար կարևորագույն թեստն է»: Լրատվամիջոցը գրում է, որ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքը, ըստ ամենայնի, կստանա խորհրդարանական մեծամասնություն:
Ընտրություններին անդրադարձել է ֆրանսիական AFP գործակալությունը «Նոյի երկիրը. Հայաստանի պատմությունն ու մշակույթը» խորագրով հոդվածում: Հիշեցնելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին՝ լրատվամիջոցն առանձնացրել է Հայաստանի պատմության և մշակույթի մի շարք ուշագրավ կետեր՝ առաջին քրիստոնեական ազգը լինելուց մինչև Հայոց ցեղասպանություն, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգությունից մինչև աշխարհահռչակ հայեր:
RT-ն նշել է, որ համաձայն սոցհարցումների՝ «վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքը կստանա խորհրդարանական մեծամասնություն»:
Al Jazeera-ն հիշեցրել է, որ ավելի վաղ Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժը խոշոր հաղթանակ տոնեց Երևանի ավագանու ընտրություններում՝ ստանալով ձայների ավելի քան 80 տոկոսը: Լրագրող Ռոբին Ֆորեսթեր-Ուոքերը նշել է, որ խորհրդարանական ընտրություններում Փաշինյանի հաղթանակը կամբողջացնի ավելի վաղ այս տարի սկսված խաղաղ հեղափոխությունը:
Իրանական Press TV-ն հիշեցրել է Gallup-ի սոցհարցումները, որի արդյունքում «Իմ քայլը» դաշինքը ստանալու է քվեների 69,4 տոկոսը:
Ընտրություններին անդրադարձել է նաև թուրքական TRT World-ը, ով մեջբերել է Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որում նա խոստացել էր Հայաստանը դարձնել «ինդուստրիալ, բարձր տեխնոլոգիաների, արտահանող երկիր և սկսի տնտեսական հեղափոխություն»:
Իսկ կանադական Digital Journal-ը գրել է, որ «Հայաստանի արտահերթ ընտրությունները կամրացնեն հեղափոխության գործընթացները»: