«Մի շարք մտահոգող տեղեկություններ ունենք». Էդմոն Մարուքյան
«Այսօր ոչ թե երկրորդը լինելու տրամադրությամբ ենք, այլ այսօր երկրորդն ենք»,- 1/20 ընտրատեղամասում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
«Մի շարք մտահոգող տեղեկություններ ունենք, որն օպերատիվ կերպով ոստիկանության հետ փոխանակվում ենք։ Չեմ կարող անուններ տալ, որովհետև դա հակաքարոզչություն կհանդիսանա, բայց ուղերձս քաղաքացիներին հետևյալն է՝ այսօր հնի և նորի կռվի ավարտն է, և կոչ եմ անում շատ ակտիվ գնալ ընտրատեղամասեր, չմտածել, թե ամեն ինչ ավարտվել է։ Բոլորս այսօր անելիք ունենք։ Ոստիկանությանը կոչ եմ անում բոլոր տեսակի մտահոգությունները ստանալուն պես համապատասխան գործողություններ ձեռնարկել, որովհետև այսօրվա ընտրությունների թիվ 1 պատասխանատուն գործող իշխանությունն է, իրավապահ մարմինները։ Հույս ունեմ, որ բոլոր այն արատավոր երևույթները, որոնք եղել են, և որոնց մնացուկները կփորձեն այսօր որևէ բան անել, համախատասխան ձևով կհայտնաբերվեն, և բոլորս կտեղեկանանք»,- ասաց ԼՀԿ նախագահը։
Էդմոն Մարուքյանն ընդգծեց, որ ստանում են այնպիսի տեղեկություններ, որոնք նախկին ընտրությունների ժամանակ միշտ եղել են. «Քանի որ մենք ունենք հանձնաժողովի անդամներ, «Ելք» դաշինքի երեք կուսակցություններով մենք ծածկել ենք ամբողջ հանրապետության տարածքը, մեկս մյուսին վստահում ենք»։
ԼՀԿ նախագահն ասաց, որ այս պահին քաղաքացու ձեռքում է ամեն ինչ։