«Ես չեմ հիշում մի հարցում վերջին մի քանի ընտրություններում, երբ գուժած չլինեին, թե իբր ՀՅԴ-ն չի մտնելու Ազգային ժողով, բայց…». Արմեն Ռուստամյան

ՀՅԴ համապետական ցուցակը գլխավորող, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը քիչ առաջ քվեարկեց 3/23 ընտրատեղամասում (Զեյթուն, թիվ 147 դպրոց):

Լրագրողների հետ զրույցում Ա.Ռուստամյանը հայտարարեց, որ քվեարկեց մեծ հույսով ու հավատով՝ հանուն մեր երկրի ապագայի, հանուն նրա, որ այս ընտրություններից մեր ժողովրդի ունեցած շատ մեծ ակնկալիքներն արդարանան, որպեսզի ժողովուրդը չհիասթափվի և ունենա իր երազած Հայաստանը։

«Քարոզարշավի ժամանակն աննախադեպ քիչ էր, և այդ առումով էլ, երևի առաջին անգամն էինք արտահերթ ընտրություններ անցկացնում, ասելիքը շատ-շատ էր, բայց հնարավորինս լայն ճակատով աշխատելով, կարծում եմ, կարողացանք հիմնականում տեղ հասցնել մեր ասելիքը և կարևորագույն գնահատականներն այս ընտրությունների և նրա նշանակության վերաբերյալ»,- ասաց Ա.Ռուստամյանը։

Անդրադառնալով սոցհարցումներին, որոնց համաձայն՝ ՀՅԴ-ն չի անցնելու ԱԺ,

Ա.Ռուստամյանը նշեց, որ դրանք միշտ էլ իրականությանը չեն համապատասխանել ՀՅԴ-ի մասով. «Ես չեմ հիշում մի հարցում վերջին մի քանի ընտրություններում, երբ գուժած չլինեին, թե իբր Դաշնակցությունը չի մտնելու Ազգային ժողով, բայց ի հեճուկս այդ բոլոր հարցումների, դուք տեսել եք ճիշտ հակառակը։ Հիմա էլ մեր տպավորությունը բացարձակապես չի համապատասխանում, այդ հարցումներն ուղղակի ծիծաղելի թվեր են ասում, բացարձակապես իրականությանը չի համապատասխանում»։

Ըստ նրա՝ ՀՅԴ-ն իրական կուսակցություն է, իր ծրագրերը ներկայացրել է և երկրի ապագայի մասին հստակ պատկերացում ունի։

Տեսանյութեր

Լրահոս