«Ջրին կարող են խառնել էսենցիա, գույն և մի քիչ էլ գազ ու վաճառել». Մելիտա Հակոբյանը հորդորում է զգույշ լինել
Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանի խոսքով՝ դեկտեմբերի 6-ի դրությամբ Հայաստանի սպառողական շուկայում թանկացումները քիչ են եղել։ Առայժմ թանկացել է խոզի և ոչխարի միսը, մրգերի որոշակի տեսակներ և ընդեղենը։
«Հորդորում եմ մեր սպառողներին, որ չգայթակղվեն տարբեր տեսակի էժանացումներով կամ «պլպլան» փաթեթավորումներով ու «կուլ» չգնան ամանորյա գներին, որովհետև, եթե այսօր էժան են վճարում, ապա վաղը մի քանի անգամ թանկ վճարելու են բժիշկներին։ Խնդրում եմ զերծ մնալ այդ անորակ, անհայտ ծագմամբ ապրանքներից, որովհետև, եթե մի ապրանքի վրա չկա մակնշում, ուրեմն այն անհայտ ծագման է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մելիտա Հակոբյանը։
Նա հորդորեց նաև մեծ ուշադրություն դարձնել ոչ ալկոհոլային խմիչքներին, քանի որ ջրին կարող են խառնել էսենցիա, գույն և մի քիչ էլ գազ ու վաճառել։
«Պարզ ասեմ, մենք այդքան էլ կողմ չենք այդ լիմոնադ կոչվածին, որովհետև այն գրեթե թույն է, հատկապես այս ժամանակահատվածում այն գերազանցում է ինքն իրեն, և թունավորումների թիվը բարձրանում է»,- ընդգծեց Մ. Հակոբյանը։
Հաշվի առնելով հայաստանյան սպառողական շուկայի ապրանքների գները և նախատոնական թանկացումները, Մելիտա Հակոբյանն ընդգծեց, որ Ամանորին տոնական համեստ սեղան պատրաստելու համար մեկ անձին բաժին է ընկնում նվազագույնը 50 հազար դրամ։
«Եթե 50 հազար դրամից պակաս է, ուրեմն դա արդեն նորմալ չէ, եթե հինգ հոգանոց ընտանիքը 125 հազար դրամով կարողանա տոնական սեղան պատրաստել, ապա շատ կցանկանայի իմանալ, թե զամբյուղում ինչեր կան։ Քանի որ պետք է գնեն հաց, միս, երշիկեղեն, ընդեղեն, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ, և այլն»,- շեշտեց Մ. Հակոբյանը։
Նա նաև նկատեց, որ 50 հազար դրամի մեջ չի մտնում այն նվերները, որոնք պետք է մարդիկ տան միմյանց։
Զվարթ Խաչատրյան