«Իսկական լիբերալ-դեմոկրատը երբեք իրեն թույլ չի տա խոսել բոլորի անունից, չի շռայլի «բոլորը գիտեն», «ոչ ոքի հետաքրքիր չէ» արտահայտությունները». Արթուր Մարտիրոսյան

Բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու Արթուր Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Լենա Նազարյան-Գեղամ Նազարյան բանավեճում չեղավ մի հարց, որի ժամանակ իշխանության ներկայացուցչի դիրքերը հօդս չցնդեին։ Կեղծ ազատականության գաղափարական սնանկությունը առավել ցցուն է արտահայտվում նրա՝ ադեպտներով բառերի ընտրության մեջ։

Իսկական լիբերալ-դեմոկրատը երբեք իրեն թույլ չի տա խոսել բոլորի անունից, չի շռայլի «բոլորը գիտեն», «ոչ ոքի հետաքրքիր չէ» արտահայտությունները ոչ միայն այն պատճառով, որ նման հայտարարություններն անապացուցելի են, այլ որովհետև նրանց՝ անհատականության պրիմատով Weltanschauung-ի մեջ ապրիորի նստած է, որ ժողովուրդը մեծամասնություն և փոքրամասնություն է։

«Մենք», «ժողովուրդն իր ընտրությունը կատարել է», «բոլորը գիտեն» արտահայտությունները պոպուլիստների ու բոլշևիկների բառապաշարներին են բնորոշ։

Կանգ առնեմ միայն մեկ դրվագի վրա։

Կարդացեք նաև

Լենա Նազարյանի վարկածով՝ Նիկոլ Փաշինյանը պահել է իր հեղափոխական խոստումը, նա չի միջամտել դատական իշխանության գործերին, ինչպես դա հետևում է եթերից առաջ նրա կողմից լսված բոլորին հայտնի այն գաղտնալսված հեռախոսային խոսակցություններից, ում համար մեկ չէ, թե ուր է գնում Հայաստանը հեղափոխությունից հետո։

Ենթադրենք, թե այդպիսի մեկնաբանություն հնարավոր է։ Բայց հնարավոր չէ հերքել այն փաստացի ապացույցը, որ նրա ենթականերն են միջամտել դատական իշխանության գործերին։

Վարչապետն ի՞նչ պիտի անի իր այն ենթակաների հետ, ովքեր խախտել են երկրի Սահմանադրությունը։ Մի՞թե պատասխանը միայն ինձ համար է ակնհայտ։

Բայց այս ամենը կարևոր չէ Լենա Նազարյանի համար, քանի որ «ոչ ոքի համար հետաքրքիր չէ», չնայած փաստացի դա նույնիսկ շատ հետաքրքիր է հաղորդավարին ու Լենա Նազարյանի ընդդիմախոսի համար, այսինքն՝ ստուդիայում նա փոքրամասնություն է։

Որտեղի՞ց նրան այսպիսի ամբարտավան վստահություն «բոլորի» մասին։

Սոցցանցերով։ Վարագույր։

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս