Հայ-ավստրիական համաձայնագիր

ՀՀ նախագահական նստավայրում այսօր համաձայնագիր է կնքվել Ավստրիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև:
Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և Հայաստանում Ավստրիայի դեսպան Միխայել Փոստլը:
Համաձայնագրի ստորագրումից հետո մամլո ասուլիսում ՀՀ նախագահը նշել է, որ երկու երկրների միջպետական հարաբերությունների ընթացքում սա Ավստրիայի նախագահի առաջին պաշտոնական այցն է Հայաստան: Նախագահն ընդգծել է, որ երկու երկրները բացի լավ բարեկամներ լինելուց, նաև վստահելի գործընկերներ են: «Պաշտոնական այս այցը նաև տնտեսական բաղադրիչ ունի: Հուսով եմ, որ համաժողովը կտա տեսանելի արդյունքներ և Ավստրիայի ներկայությունը զգալի կլինի»,- ասել է նա: Սերժ Սարգսյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Ավստրիայի ուշադրությունը և աջակցությունը թե հայ համայնքի, թե իր տարածքում գտնվող հայկական պատմամշակութային կոթողների պահպանման նկատմամբ: Նախագահը տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև էներգետիկ ծրագրերի իրականացման հարցերը:

Ավստրիայի նախագահը կարևորել է երկու երկրները ցանկությունը՝ ինտենսիվացնել մշակութային հարաբերությունները: «Մենք ուզում ենք օդային համագործակցություն սկսել, որպեսզի երկու մայրաքաղաքների միջև սերտ հարաբերություններ սկսվեն: Վիեննան ժողովուրդների ու կրոնների երկխոսությանը մեծ նշանակություն է տալիս, որտեղ խաղաղ պայմաններում կարող են շփվել տարբեր ազգեր»,- նշեց Հանց Ֆիշերը:

Ավստրիայի նախագահը պատմեց, որ ինքը Հայաստանի մասին լսել է դեռ դպրոցական տարիքից, երբ կարդացել է Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» ստեղծագործությունը: Կես տարի առաջ գնել է «Հայոց պատմություն» գիրքը՝ ավելի լավ ծանոթանալու համար: Տեղեկացնենք, որ առաջիկայում ՀՀ նախագահը ևս պաշտոնական այցով կմեկնի Ավստրիա:

Տեսանյութեր

Լրահոս