Էվանսը շարունակում է սատարել ցեղասպանության ճանաչմանը

American Diplomacy էլեկտրոնային ամսագիրը հրապարակել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի քննախոսականը՝ նշելով, որ Էվանսը 2005-ի փետրվարին ԱՄՆ-ում վիճաբանության տեղիք տվեց՝ շեղվելով Հայոց ցեղասպանության հարցում Բուշ կրտսերի վարչակարգի պաշտոնական մոտեցումից:
Իր քննախոսականում Էվանսը գրել է. « Թաներ Աքչամի «Երիտթուրքերի հանցագործությունը մարդկության դեմ. Հայոց ցեղասպանությունը և էթնիկ զտումները Օսմանյան կայսրությունում»  և Վահագն Ն. Դադրյանի ու Թաներ Աքչամի հեղինակած «Դատավարութուն Ստամբուլում. Դատավարություններ Հայոց ցեղասպանության գործով» գրքերը ամենավերջինն ու թերևս ամենաավարտուն են այն բազմաթիվ գրքերից, որ կարդացել եմ 1915-ի Հայոց ցեղասպանության մասին: Դոկտոր Թաներ Աքչամի «Երիտթուրքերի հանցագործությունը մարդկության դեմ. Հայոց ցեղասպանությունը և էթնիկ զտումները Օսմանյան կայսրությունում» գիրքը խոշոր առաջընթաց է ապահովում այն սոցիալական ինժեներիան հասկանալու գործում, որը գրեթե հանգեցրեց Անատոլիայի հայերի ոչնչացմանը», – գրում է ՀՀ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը:
«Դատավարութուն Ստամբուլում. դատավարություններ Հայոց ցեղասպանության գործով» գիրքը, որի համահեղինակներն են Աքչամն ու հայոց պատմության վետերան Վահագն Դադրյանը անգլալեզու աշխարհին առաջին անգամ ներկայացնում է 1919-ին Օսմանյան կառավարության անցկացրած դատավարությունը՝ բռնագաղթերի և ջարդերի կազմակերպիչներին (որոնցից 7 ամենակարևորները արդեն ապահով տեղ էին փախել գերմանական ռազմանավով) պատասխանատվության ենթարկելու համար», – նշում է Էվանսը: Նա գրում է, որ «երկու գրքերն էլ Հայոց ցեղասպանությամբ զբաղվող լուրջ մասնագետների համար են»:
«Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին 2 տարուց էլ քիչ ժամանակ է մնացել, դեռ շատ բան կգրվի, սակայն կասկածում եմ, թե նույնքան ավելի լույս կսփռվի, որքան այս արժեքավոր հատորների միջոցով»,- եզրափակում է Էվանսը:

Տեսանյութեր

Լրահոս