Բաժիններ՝

Երբեք մի կորցրեք հույսը. կյանքը ցույց է տվել բազմաթիվ անելանելի իրավիճակներ, որոնցից ելք գտնվել է

Հույսը մեզ ապրելու, գործելու, ծառայելու ուժ է տալիս: Քրիստոնեության կարևոր խնդիրներից մեկը աշխարհին հույս բերելն է և, բնականաբար, որպեսզի կարողանանք հույս տալ, պետք է ինքներս այն ունենանք:

Սկսենք այն օրինակից, որը պատմում է Գործք առաքելոցի 27.9-26 հատվածը: Երբ Պողոս առաքյալի կողմից զգուշացված նավապետները չեն առաջնորդվում նրա խոսքով և ծովում ընկնում են մեծ փորձության մեջ, Պողոս առաքյալը նրանց հուսադրում է, ասելով, որ ճիշտ է, Աստծուն չվստահելու պատճառով նավը կկործանվի, սակայն բոլոր մարդիկ անվնաս ափ դուրս կգան: Նավապետները, ովքեր չէին ճանաչում Աստծուն, պատրաստ էին լսելու բոլորին, բայց ոչ Աստծո Խոսքը Պողոս առաքյալից:

Այսօր շատերն են այսպես վարվում. կարևոր որոշումներ կայացնելիս մարդիկ մտածում են՝ փողը, գիտությունը, զարգացած տեխնոլոգիան թույլ կտան մարդուն ամեն ինչ հաղթահարել: Բայց Պողոս առաքյալը դեռ դարեր առաջ զգուշացնում էր, որ մարդը, որպեսզի տեսնի ճշմարիտ հույսը, որն Աստծուց է, պետք է խոստովանի իր սխալականությունը և կարևորագույն որոշումներ կայացնելիս առաջնորդվի ոչ թե մահկանացու մարդկանց խոսքով, այլ Աստծո խոսքով:

Յուրաքանչյուր մարդու կյանքում մեծ դեր ունի հույսը: Ամեն ոք կյանքում ինչ-որ բանի նկատմամբ հույս է տածում՝ անկախ տարիքից, կրոնական պատկանելությունից և ազգությունից: Երբ տխրության, նեղության մեջ ենք լինում, հույսն է մեզ դուրս հանում այդ վիճակից: Ինչպես ասում է Լեոնարդո դա Վինչին. «Որտեղ հույսը մեռնում է, այնտեղ դատարկություն է առաջանում»: Երբեք մի կորցրեք հույսը. կյանքը ցույց է տվել բազմաթիվ անելանելի իրավիճակներ, որոնցից ելք գտնվել է: Երբ մահանում է հույսը, այդ պահից սկսած մահանում է նաև մեր մի մասը: Երբ կա հույս մեր օրգանիզմը և գիտակցությունը պայքարում են ելք գտնելու համար և այդ պահին մեր ուժերը բազմապատկվում են, կենտրոնանում այն ուղության վրա, որտեղից հույսի ճառագայթներ են շողում:

Հույսը մի անսասան վստահություն է, որ Տերը կկատարի մեզ տված Իր խոստումը: Պետք է հավատալ՝ եթե մենք այժմ ապրենք համաձայն Աստծո օրենքների և Նրա մարգարեների խոսքերի՝ մենք կստանանք ցանկալի օրհնություններն ապագայում:

«Եվ հույսի Աստվածը լցնի ձեզ ամեն ուրախությունով և խաղաղությունով, հավատալու մեջ, որ հույսով ավելանաք Սուրբ Հոգու զորությամբ»( Հռոմիացիս 15:13):

Շատերին թվում է, որ իրենց ծերացնողը կնճիռներն են կամ սպիտակած մազերը, ո՛չ, մարդկանց ծերացնում է հույսի և հավատի բացակայությունը։
Սերը, հույսը, հավատը… դրանք այն զգացումներն են, որոնք պետք է միշտ լինեն մարդու մեջ, դա է մեզ օգնում ապրել, ստեղծագործել, զգալ, հասկանալ կյանքի բոլոր գույները, որովհետև այս աշխարհում ամենամեծ նվերը կյանքն է։ Ինչպես Աստվածաշնչում է ասվում. «Բայց արդ, մնում են հավատ, հույս, սեր. սրանք՝ երեքը. և սրանցից մեծագույնը սերն է»(Առակաց 13:12):

Հուսահատությունը մեր միջից կորզում է ամեն վառ և ուրախ բան, և թողնում է հոգու դատարկություն: Հուահատությունը սպանում է ձգտումը, առաջ բերում հիվանդություն, պղտորում է հոգին և քարացնում սիրտը: Հուսահատությունը նման է դեպի անդունդ իջեցնող աստիճանի:

Հիշե՛ք հույսը պահում է մեզ հուսահատության ժամանակ: Հույսը ուսուցանում է, որ ուրախանալու պատճառ կա, անգամ երբ թվում է՝ մեր շուրջն ամեն ինչ խավար է:

Մարիետտա Խաչատրյան

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս