Բաժիններ՝

Տղամարդը ձերբակալվել է հորը սպանելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 61-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

2018թ. սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավթաշենի բաժանմունքում Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակչից ահազանգ է ստացվել առ այն, որ հայրը 27.09.2018 թվականից գտնվում է եղբոր՝ Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասում գտնվող բնակարանում, և երբ 28.09.2018թ. զանգահարել է հոր հեռախոսահամարին, պատասխանել է եղբայրը՝ հայտնելով, որ հայրն այլևս չկա:

Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը դեպքի վայրի զննությամբ բնակարանի ննջասենյակներից մեկում՝ հատակին, հայտնաբերել է 1957թ. ծնված տղամարդու դին՝ գլխի, կրծքավանդակի և ուսի շրջաններում բազմաթիվ կտրած-ծակած վնասվածքներով:

Փաստի առթիվ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է տուժողի որդին: Վերջինս ձերբակալվել է՝ սպանություն կատարելու կասկածանքով:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս