Որքանով է կայուն Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունը

«Ընդհանուր առմամբ կա դրական արդյունք Դուշանբեում տեղի ունեցած հանդիպումից հետո, բայց դրա հետագա հաջողության հարցում լուրջ կասկածներ ունեմ»,- այս մասին 168am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով Դուշանբեում Փաշինյան-Ալիև ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներին։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ: Այս մասին վարչապետն ասել էր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ: «Այս անգամ որոշակի առարկայական խոսակցություն ստացվեց, և դրա արդյունքում մենք մի քանի կարևոր կետեր արձանագրեցինք: Պայմանավորվեցինք, որ մեր պաշտպանության նախարարներին հանձնարարություն կտանք, որ վերջիններս քայլեր ձեռնարկեն սահմանագծում լարումն իջեցնելու և սահմանային միջադեպերը կանխելու վերաբերյալ»,- ասել էր Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այս մասին տեղյակ է պահվել նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանին: «Հանձնարարական և համապատասխան հրաման եմ տվել մեր զինված ուժերին, և նախորդ գիշերը, կարող եմ ասել, եղել է իմ վարչապետ ընտրվելուց հետո ամենախաղաղ գիշերը»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ խոսակցության ընթացքում արձանագրվել է նաև բանակցային գործընթացի նկատմամբ հավատարմությունը: «Մենք պայմանավորվել ենք օպերատիվ կապի կոմունիկացիա ստեղծել,  իսկ թե այն ինչպիսին կլինի տեխնիկական առումով` պայմանավորվածություն ձեռք չենք բերել»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ բովանդակային որևէ քննարկում չի եղել: «Ես ուրախ եմ և հույս ունեմ, որ այդ պայմանավորվածությունները կպահպանվեն, քանի որ դրանց պահպանումը չափազանց կարևոր է»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ ադրբեջանական կողմի, զրուցակիցները հայտնել են խնդրի բանակցային եղանակով լուծման և շփման գծի և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի երկայնքով միջադեպերի կանխման նպատակով հրադադարի ռեժիմի ամրապնդման իրենց հանձնառության մասին։ «Կողմերը որոշել են մշակել համապատասխան կառույցների միջև օպերատիվ կապի հաստատման մեխանիզմներ»,- ասված է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Ֆյոդոր Լուկիանովի գնահատմամբ՝ պետք է դրականորեն նկատել, որ այս անգամ հայկական և ադրբեջանական կողմերի տարածած հաղորդագրությունները համընկնում են, որը չափազանց հազվադեպ է պատահում հայ-ադրբեջանական բանակցությունների դեպքում։ Սա, Լուկիանովի խոսքով, նշանակում է, որ կոնկրետ հարցերի շուրջ է ընթացել խոսակցությունը և այդ հարցերի շուրջ ձեռք է բերվել պայմանավորվածություն։

Ըստ նրա, ըստ էության ձեռք է բերվել մի համաձայնություն, որը նման է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնություններին։

«Մի փոքր անհասկանալի է, թե ինչպես նախագահները կարողացան չպլանավորված հանդիպման ընթացքում նման որոշման շուրջ համաձայնության գալ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ եղել են որոշումներ, որոնց կայացումն ամիսներ է պահանջել, և նույնիսկ այդ որոշումների ընդունումից հետո դրանք չեն պահպանվել։

Բնականաբար, նույն ռիսկը կա նաև օպերատիվ շփում ստեղծելու պայմանավորվածության վերաբերյալ, ինչ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների դեպքում եղավ՝ միջնորդների բարձրաստիճան ներգրավմամբ գագաթաժողովների օրակարգը հաստատվեց, սակայն շարունակություն չունեցավ։ Այս անգամ կրկին կա մտավախություն, որ ԱՊՀ գործընկեր երկրների չակերտավոր ներկայությամբ կողմերը կառուցողական որոշման են եկել, սակայն դա չեն առարկայացնի, քանի որ կարգավորման գործընթացի վերաբերյալ խորը տարաձայնություններ ունեն։

Չենք կարող բացառել, որ այնուամենայնիվ որոշակի հաջողություն ունենան այս պայմանավորվածությունները։ Սակայն գործոնները, որոնք պետք է հիմք դառնան այս համաձայնությունների համար, չկան՝ հակամարտությունը կարգավորելու ցանկություն, զիջումների պատրաստակամություն, միջնորդների կողմից ճնշումներ և ներքին կայունություն։ Բայց գուցե ՀՀ-ում իշխանության փոփոխությունը կարգավորման հույս է ներշնչել ադրբեջանական կողմին։ Այսինքն՝ ընդհանուր առմամբ կա դրական արդյունք Դուշանբեում տեղի ունեցած հանդիպումից հետո, բայց դրա հաջողության հարցում լուրջ կասկածներ ունեմ։

Ի՞նչն էր խանգարում կողմերին համաձայնության գալ նախորդ օրակարգի շուրջ, որը գրեթե նույնն էր, կամ գուցե նախորդ օրակարգից չեն հրաժարվել, պարզապես արագ որոշում են կայացրել՝ հետագայում այն զարգացնելու հեռանկարով։ Այս պահին հարցերը շատ են։ Կայուն պայմանավորվածությունների համար մի քանի հանդիպումներ և բովանդակային խոսակցություններ են հարկավոր»,- ասաց վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս