«Ռեստարտ» նախաձեռնությունը կրկին կպայքարի՞ տարկետման իրավունքի համար. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. ««Ռեստարտ» նախաձեռնության համակարգող, քաղակտիվիստ Դավիթ Պետրոսյանը երեկ քննարկում էր կազմակերպել ակադեմիական տարկետման տրամադրման թեմայով։ Նրան հարցրինք, թե թեման նորից օրակարգ բերելը նշանակո՞ւմ է, որ գործող կանոնակարգից իրենք այդքան էլ գոհ չեն եւ կրկին կպայքարե՞ն տարկետման իրավունքի համար՝ նկատի ունենալով, որ վերջերս մի խումբ ուսանողներ բողոքում էին, որ իրենց ապօրինի կերպով տարկետում չի տրամադրվել։ Դավիթ Պետրոսյանի խոսքով՝ իրավիճակ է փոխվել, եւ պետք է ուղղակի խոսել այդ թեմայով։
«Տարկետման օրենքը խնդրահարույց է, եւ որոշումները, որ հիմա կան, դրանք էլ են խնդրահարույց, բայց դա այն ժամանակ միակ հնարավոր տարբերակն էր, որ կարելի էր անել՝ հաշվի առնելով, որ ԱԺ-ում հնարավորություն չկար օրենք ընդունելու, նաեւ հաշվի առնելով, որ զորակոչը սկսվում էր, եւ որոշումը պետք է արագ ընդունվեր։ Հիմա ունենք ժամանակ, պատրաստակամություն մեր կողմից կա, մյուս կողմից՝ չգիտեմ։
ԿԳՆ-ի կողմից կա, քանի որ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը դա հաստատեց, մնում է պաշտպանության նախարարության համաձայնությունը, ու նաեւ բուհերի առողջացումն է այստեղ շատ կարեւոր։ Ուղղակի ասում էին՝ մենք գործ չունենք, ուսանողական խորհուրդները չեն խառնվել։ Կարելի է նայել, թե տարկետման ցույցերի ժամանակ որ ուսանողական խորհուրդն է կարծիք հայտնել։
2 ուսանողական խորհուրդ ասաց, որ իրենք չեն խառնվելու, դա է եղել իրենց կարծիքը, մյուս ՈւԽ-ները չեն խոսել։ Հիմա քանի որ իրավիճակը փոխվել է, եւ դա արտահայտվում է նրանով, որ կան հնարավորություններ խոսելու, սեփական ձայնը բարձրաձայնելու, որոշումների ընդունման պրոցեսի վրա ազդելու, մենք պետք է փորձենք բոլորին ներգրավել։ Դրանից հետո նոր կարելի է հասկանալ՝ օրենքում փոփոխություն կարելի՞ է անել, թե՞ չէ»,- ասաց Դավիթ Պետրոսյանը»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: