Ինչպե՞ս և որտեղի՞ց են ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել Արա Վարդանյանին

168.am-ի տեղեկություններով՝ այս տարվա հուլիսի 2-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի արդեն նախկին տնօրեն Արա Վարդանյանին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները ձերբակալել և նրան ուղեկցել էին ԱԱԾ հենց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության շենքի ընդունարանից։

Պարզվում է՝ Արա Վարդանյանը դիմել է Փաշինյանի հետ հանդիպման խնդրանքով, որպեսզի քննարկեն «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք հեռուստամարաթոնի այս տարվա կազմակերպչական աշխատանքները։ Հանդիպումը նշանակվել է, և Վարդանյանը ներկայացել է։ Վարչապետը զբաղված է եղել, առաջարկել են սպասել՝ մինչև նախորդող հանդիպումն ավարտվի։ Մեր աղբյուրների հավաստմամբ՝ հենց ընդունարանում նրան են մոտեցել ԱԱԾ աշխատակիցները և առաջարկել հետևել իրենց՝ ԱԱԾ։ Ազգային անվտանգության ծառայության երիտասարդ աշխատակիցներն ասել են, որ վարչապետի հետ հանդիպումը չի կայանա՝ «Դուք գալիս եք մեզ հետ»։

ԱԱԾ մամուլի կենտրոնից հետագայում հաղորդագրություն տարածեցին, որ «Փաստական հանգամանքների ճնշման ներքո Վարդանյանը խոստովանել է, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում՝ դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն: Ըստ իր խոսքերի, վարկային քարտից վատնած միջոցները Վարդանյանը ետ է վերադարձրել հիմնադրամին հանգանակված գումարների հաշվին:

Այնուհետ՝ անձնական միջոցները կանխիկ մուտքագրել է հիմնադրամի հաշվապահություն, դրանով իսկ թաքցնելով հիմնադրամի գումարների վատնման հանգամանքը: Միայն վերջին շաբաթվա ընթացքում Վարդանյանը հիմնադրամի բանկային քարտից մոտ 14 միլիոն ՀՀ դրամ է փոխանցել օնլայն խաղատներին, իսկ 2016-2018 թվականներն ընկած ժամանակահատվածում այդ գումարը կազմել է շուրջ 130 000 000 մլն ՀՀ դրամ:

Այս պահին «Հայաստան» համահայկական հիմնադրամում կատարվում են ստուգումներ՝ հնարավոր չարաշահումներն ու յուրացումները բացահայտելու, ինչպես նաև հանգանակված գումարների ծախսման օրինականությունը ճշտելու ուղղությամբ: Արա Վարդանյանը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է»,- նշված էր պաշտոնական հաղորդագրության մեջ, որին կից ներկայացված էր տեսանյութը՝ շուրջ 10 տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամը ղեկավարած Արա Վարդանյանին՝ պրոֆիլ-անֆաս նկարահանումներով:

Մեծ աղմուկով շոուն ներկայացվեց իշխանական լրատվամիջոցների կողմից՝ ձերբակալության տեսարաններ, նկարահանումներ, տեսանյութեր, մեկնաբանություններ…

Հուլիսի 5-ին դատարանը, սակայն, որոշում կայացրեց մեկ միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Արա Վարդանյանին: Նրա փաստաբան Երվանդ Վարոսյանի փոխանցմամբ՝ Արա Վարդանյանին առաջին հերթին կալանավորելու որևէ իրավական հիմք չկար, օրենքով սահմանված հիմքերից որևէ մեկը չկար։ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը միջնորդել էր կալանավորել Վարդանյանին, բայց քննիչը չի առարկել, որպեսզի կալանքի փոխարեն դատարանը գրավ կիրառի: Հավելենք, որ Վարդանյանը չէր ընդունել հիմնադրամից յուրացումներ կատարելու և լիազորությունները չարաշահելու մեղադրանքը:

Տեսանյութեր

Լրահոս