Մարդու իրավունքների պաշտպանն աջակցում է մարզերում բնակվող կանանց մասնակցությունը տնտեսական կյանքին․ քննարկում Խաչիկ գյուղում

Սեպտեմբերի 22-ին Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում «Կանանց տնտեսական իրավունքների իրականացումը» թեմայով:

Կանանց իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի առաջնահերթություն է: Այս խնդրի լուծման կարևոր գրավականներից է կանանց ինքնուրույնության ապահովումը տնտեսական կյանքում: Պաշտպանի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ անհրաժեշտությունն առկա է հատկապես մարզերում:

Պետությունը պետք է ապահովի կանանց լիարժեք մասնակցությունը գործարարության զարգացմանը թե՛ մայրաքաղաքում, թե՛ մարզերում հավասարապես: Սա ի վերջո կբերի երկրի տնտեսության առավել համաչափ զարգացման և ուղղակիորեն կնպաստի երկրի իրավապաշտպան ողջ համակարգի ամրապնդմանը:

«Կանայք ունեն ուժեղ ներուժ, որի իրացման համար անհրաժեշտ է ստեղծել պայմաններ»,- քննարկման ընթացքում նշել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավար Լուսինե Սարգսյանը։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ իրականացվող «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակում կազմակերպված միջոցառման նպատակն է կանանց իրավունքների մասին իրազեկման միջոցով աջակցել մարզերում բնակվող կանանց տնտեսական կարողությունների զարգացմանը, ինչպես նաև նպաստել նրանց համար տնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունների ստեղծմանը և հասարակության մեջ կնոջ դերի վերաբերյալ կարծրատիպերի հաղթահարմանը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Միջազգային համագործակցության վարչության ղեկավար Միքայել Խաչատրյանը մասնակիցներին է ներկայացրել Պաշտպանի տարեկան հաղորդումներում արձանագրված խնդիրները կապված կանանց իրավունքների հետ:

Հանդիպմանը բարձրացվել են կանանց մտահոգող հարցեր և պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատել ոլորտում առկա խնդիրների լուծման ուղղությամբ։

Տեսանյութեր

Լրահոս