Սերբ նկարչուհի Մարինա Աբրամովիչը հարձակման է ենթարկվել Ֆլորենցիայում իր ցուցահանդեսի ժամանակ
Նկարչուհի Մարինա Աբրամովիչը հարձակման է ենթարկվել Ֆլորենցիայի Palazzo Strozzi թանգարանում կազմակերպված իր ցուցահանդեսի ժամանակ: Մի տղամարդ մոտ է վազել նկարչուհուն եւ գլխին հարվածել նրա իսկ դիմանկարով: Այդ մասին հայտնել է «Կորիերե դե լա սերա» թերթը:
Ոստիկանությունը ձերբակալել է հարձակվողին, որը, ինչպես պարզվել է, Չեխիայի 51-ամյա քաղաքացի է: Թանգարանի տնօրեն Արթուրո Գալանսինոյի խոսքով, Աբրամովիչը՝ սերբ հայտնի նկարչուհին, հարձակման հետեւանքով չի տուժել: Տղամարդու ձերբակալումը նկարահանվել է տեսանյութով:
Միջադեպը տեղի Է ունեցել այն պահին, երբ Մարինա Աբրամովիչը հեռանում էր ցուցահանդեսից: Նրա խոսքով՝ թանգարանում կային շատ մարդիկ, որոնք ցանկանում էին ստանալ իր ինքնագիրը կամ պարզապես շփվել, եւ երբ տղամարդը մոտեցել է իրեն, նա ոչ մի ագրեսիա չի սպասել նրանից եւ ժպտացել է նրան:
«Հանկարծակի նա կտրուկ հարվածեց նկարով, նկարը պատռվեց, եւ ես հայտնվեցի շրջանակի ներսում: Ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ»,- պատմել է նկարչուհին: Միջադեպից հետո նա հարցրել է տղամարդուն, թե ինչու նա դա արեց: Վերջինս պատասխանել է, որ նկարչուհու վրա հարձակվել է «հանուն արվեստի»: Ենթադրվում է, որ Աբրամովիչի դիմանկարն արել էր հենց հարձակվողը: Մարինա Աբրամովիչը, որն այժմ 71 տարեկան է, հայտնի է որպես նկարիչ, որն աշխատում է պերֆոմանսի ժանրում: