«Սին են բոլոր այն պնդումները, խոսակցությունները, որոնք հիշատակում են ինչ-որ ուժերի, որոնք կարող են հակահեղափոխություն անել». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ` Նյու Յորք: Կառավարության ղեկավարը սեպտեմբերի 23-ի երեկոյան հանդիպում է ունեցել Նյու Յորքի, ինչպես նաև ԱՄՆ համայնքային կառույցների, հայկական կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչների հետ:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նրանց ջերմ ընդունելության համար և նշել, որ շատերին Հայաստանում արդեն իսկ հանդիպել է և հույս հայտնել, որ նրանք կվկայեն` հայրենիքում այսօր տիրում է բոլորովին այլ տրամադրություն, այլ մթնոլորտ: «Երկու օր առաջ նշվեց Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձը: Անկախության տոնակատարությունների այդպիսի տոնական մթնոլորտ ՀՀ-ում անկախության հանրաքվեից ի վեր հաստատված չէր: Այդ տրամադրությունն, ըստ էության, այսօր հաստատվեց ևս մի փաստով: Տեղյակ եք, որ այսօր տեղի են ունեցել Երևանի ավագանու ընտրությունները և հիմա արդեն տվյալների 99 տոկոսն ամփոփված են, «Իմ քայլը» դաշինքն այդ ընտրություններում, որոնք անցել են բացարձակ արդար, ազատ, թափանցիկ պայմաններում, ստացել է ընտրողների 81 տոկոս ձայները: Սա նշանակում է, որ սին են բոլոր այն պնդումները, խոսակցությունները, որոնք հիշատակում են ինչ-որ ուժերի, որոնք կարող են հակահեղափոխություն անել: Դա հնարավոր չէ և այսօր դա արձանագրվեց նաև ընտրությունների արդյունքներով»,- նշել է վարչապետը` ավելացնելով, որ միակ բանը, որ այլևս հնարավոր է Հայաստանում` դա օրինականությունն է, ժողովրդավարությունը, անկախ դատական համակարգը, ազատ տնտեսական մրցակցությունը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ի տարբերություն երկար տարիների, այսօր ՀՀ-ում չկան մենաշնորհներ, չկան մարդիկ, ովքեր արտոնյալ են օրենքի առաջ:

«Կան բազմաթիվ խնդիրներ, որոնք կառավարության լուծելու առաջնահերթությունների թվում են. դրանք արտաքին քաղաքական են, տնտեսական, իրավական և այլն: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երկու օր առաջ իր առաջին վճիռը հրապարակեց 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի գործերի հետ կապված, և ինչպես պնդում են իրավաբանները, այդ վճռի իրավական նշանակությունը հետևյալն է, որ մարտի 1-ին և դրանից հետո Հայաստանի ողջ դատական համակարգը գործել է ապօրինի, որը ՄԻԵԴ-ի պնդումն է, որի անկախությունը և անաչառությունը որևէ կասկած չի թողնում: Սա նշանակում է, որ այն, ինչի մասին խոսում էի օգոստոսի 17-ի հանրահավաքին, խոսքը դատական համակարգի խնդիրների մասին է, հաստատվեց նաև ՄԻԵԴ դատավճռով»,- ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանն այսօր մեծ մարտահրավերներ ունի, որոնց լուծման գործում հույս է կապում նաև սփյուռքի հետ: «Հայաստանի զարգացման մոդելի առանցքային փոփոխությունը հետևյալն է. Հայաստանում կային մարդիկ, ովքեր բոլորից պահանջում էին ինչ-որ բան անել: Հեղափոխությունը եղավ, երբ մարդիկ արձանագրեցին, որ ինչ-որ բան պետք է անի մեզնից յուրաքանչյուրը: Հեղափոխության առանցքային իմաստն այն է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ինչ-որ պահի զգաց իր դիրքորոշման շրջադարձային ուժը, զգաց, որ դա է Հայաստանի այսօրն ու ապագան որոշելու ճանապարհը: Ամենևին էական չէ, թե ով կլինի ՀՀ վարչապետի կարգավիճակում՝ ես կամ որևէ մեկը, ամենակարևորն այն է, որ այսօր այլևս միայն ՀՀ քաղաքացին է ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական ընտրություններով որոշելու, թե ով պետք է լինի իշխանություն, ով` ընդդիմություն, ով լինի պատգամավոր և ով` ոչ: Սա ամենակարևոր փոփոխությունն է, որը որևէ պարագայում չի փոփոխվի: Կարող է տարօրինակ թվալ, որ իշխող քաղաքական ուժը Երևանի ավագանու ընտրություններում ստանում է այդքան ձայն, բայց բոլորդ գիտեք, որ այս ընտրություններին առանձնահատուկ քաղաքական կոնտեքստ էր հաղորդվել. ես խնդրել էի այս ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկելով քվեարկել նաև Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օգտին կամ ընդդեմ դրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ առաջիկայում բանակցություններ կհրավիրի խորհրդարանական և ոչ խորհրդարանական քաղաքական ուժերի հետ` քննարկելու խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակացույցն ու պայմանները:

«Կար տրամադրություն, որ դրանք անցկացվեն մինչ հաջորդ տարվա հունիս, բայց այն սպասողական վիճակը, որ ունեն պոտենցիալ ներդրողները, որոնց հարկավոր են երկարաժամկետ քաղաքական արձանագրումներ, ինչպես նաև տնտեսական միջավայրը բարենապաստ դարձնելու համար, ընտրությունները պետք է անցկացնենք ավելի վաղ, որպեսզի առավել շուտ սկսենք տնտեսության վերականգնման ընթացքը: Այսօր մեր տնտեսության կառուցվածքը որևէ լավատեսության հիմք չի տալիս, և այն պետք է փոխենք: Այսօր այն բաղկացած է երեք հիմնական ճյուղից. մեկը գյուղատնտեսությունն է, որը ժամանակակից պայմաններին չի բավարարում, մյուսը` հանքարդյունաբերությունը, որն ազգային հարստության վաճառք է նշանակում, մյուսը խաղադրույքների ոլորտն է: Հուլիսին մեր տնտեսությունը ակտիվության երկնիշ ցուցանիշ էր արձանագրել. դրա պատճառը ֆուտբոլի աշխարհի առաջնությունն էր: Այս կառուցվածքը մեզ ձեռնտու չէ, և մենք ուզում ենք Հայաստանն ագրարային, հանքարդյունաբերական, խաղադրույքներ կատարող երկրից վերածել բարձր տեխնոլոգիական երկրի, որը մեր ամենակարևոր հրամայականն է, ինչը բխում է մեր անվտանգային միջավայրից: Մեր կառավարությունը 4 ամսում արել է իրենից կախվածը` երկրում իրավիճակը կայուն պահելու համար, որովհետև հետհեղափոխական շրջանի ամենակարևոր մարտահրավերը հենց դա է, ինչը հաջողվել է մեզ: Այսօր մեր ամենակարևոր խնդիրը նոր ներդրումներ ներգրավելն է: Այդ նպատակով գնում ենք հարկային օրենսգրքի բարեփոխումների, անկախ դատական համակարգի հաստատմանը, քաղաքական կայուն վիճակի պահպանմանը, ինչի համար պետք է մոտ ժամանակներս անցկացնենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով բոլորին ակնհայտ է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններն անխուսափելի են, և դրանք պետք է հնարավորինս շուտ տեղի ունենան»,- ընդգծել է վարչապետը:

Գործադիրի ղեկավարը հավելել է, որ Հայաստանում այսօր մենաշնորհներն ու կոռուպցիան հաղթահարված են, ավագանու ընտրություններն անցել են առանց կոռուպցիայի, թաղային, քրեական հեղինակությունների միջամտության: «ՀՀ քաղաքացիները հնարավորություն են ունեցել քվեարկել նրա օգտին, որին ցանկանում են, և ի վերջո նրանք քվեարկել են հեղափոխության, արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ազատ և երջանիկ Հայաստանի օգտին: Այսօր փողն ընտրությունների արդյունքների վրա չունի որևէ ազդեցություն, կստեղծենք գործիքներ, որ փողը քաղաքականության մեջ օգտագործվի ոչ թե ձայն գնելու, այլ ասելիքն ավելի հասանելի դարձնելու համար»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով Հայաստան-Սփյուռք հարաբերություններին` վարչապետը նշել է, որ դրանց համատեքստում պետք է խրախուսվի ոչ թե բարեգործությունը, այլ աշխատանքը: «Հայությունը կարող է Հայաստանին աջակցել ընդամենը մի տարբերակով` Հայաստանում ծավալել տնտեսական գործունեություն, հիմնադրել որևէ բիզնես և աշխատել: Այսօր Հայաստանի ընկալումը հետևյալն է. այն մի երկիր է, որտեղ կարելի է ծավալել տնտեսական գործունեություն, բիզնես հիմնադրել, շահույթ ստանալ, հարստանալ և հարստացնել: Մեր ուղերձը բոլորին հետևյալն է. հարստացեք և հարստացրեք: Մենք ուզում ենք, որ Հայաստանն ընկալվի այդպիսի երկիր, Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր, այնպիսին, ինչպիսին նաև «Թումո» կենտրոնն է, որը դարձել է ժամանակակից Հայաստանի ամենակարևոր կենտրոններից մեկը: Հույս ունենք, որ Հայաստանում կստեղծվեն նորանոր միջազգային բրենդներ, որոնք կփոխեն պետության և հայ ժողովրդի ճակատագիրը ռազամավարական առումով: Գոյատևող Հայաստանի ժամանակն ավարտվել է, եկել է զարգացող Հայաստանի ժամանակը: Հայաստան-Արցախ-Սփյուռք հարաբերություններին պետք է վերաբերվենք որպես մեկ միասնական օրգանիզմ»,- ասել է կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան հնչեցված հարցի` անդրադարձել է նաև Հայաստանի արտաքին քաղաքականությանը: «Մենք պատրաստվում ենք զարգացնել հարաբերությունները բոլոր միջազգային գործընկերների հետ, բայց չենք պատրաստվում դա անել մեկ այլ գործընկերոջ հետ հարաբերությունների հաշվին: Փորձելու ենք ՌԴ-ի, ԵԱՏՄ գործընկերների, Իրանի, Վրաստանի, ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի: Այդ հարաբերություններում պետք է լինենք ավելի վստահ, ինքնիշխան պետությանը հատուկ մոտեցումներով, իսկ արտաքին քաղաքականությունը վարենք ազգային շահերը սպասարկելու, այլ ոչ թե իշխանությունը պահպանելու անհրաժեշտությունից ելնելով»,- շեշտել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ամերիկահայերի մի շարք այլ հարցերի, որոնք վերաբերել են Հայաստանում խոսքի ազատությանը, զանգվածային լրատվական միջոցների ազատ գործունեությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, անկախ դատական համակարգի ապահովմանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությանը, կրթության, թեթև արդյունաբերության, բանկային համակարգի զարգացմանը և այլ թեմաների:

 

https://www.youtube.com/watch?v=Tl21GWrxuRY

Տեսանյութեր

Լրահոս