Ոստիկանությունն ընտրություններից առաջ ճշգրտել է ընտրողների ցուցակները
ՀՀ ոստիկանությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններից առաջ ճշգրտել է ընտրելու իրավունք ունեցող անձանց ցուցակները: Այս մասին սեպտեմբերի 23-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:
«Ոստիկանության կողմից կազմվել և քվեարկության օրվանից առաջ 20-րդ օրը հրապարակվել են քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները: Ոստիկանության ծառայողների կողմից այցելություններ են կատարվել բնակարաններ՝ ցուցակները ճշգրտելու նպատակով՝ հավաքագրվել են 614 մահացած անձանց վերաբերյալ տվյալներ, որոնք հանվել են ցուցակներից: Նախնական ցուցակները հրապարակելիս ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 840 հազար 124, իսկ վերջնական ցուցակները հրապարակելիս՝ 848 հազար 343, որից 7741-ը Հայաստանի քաղաքացի չհանդիսացող անձիք են»,- նշեց Բիչախչյանը:
Մնացական Բիչախչյանը նաև հիշեցրեց, թե ովքեր կարող են քվեարկել այս ընտրություններում:
«Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն՝ մինչև քվեարկության օրը Երևանում առնվազն վեց ամսվա հաշվառում ունեցող ՀՀ քաղաքացիները և մինչև քվեարկության օրը Երևանում առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող ՀՀ քաղաքացիություն չունեցող անձիք, եթե քաղաքացու հաշվառումը Երևանում վեց ամսից պակաս է, ապա նա միայն երկու դեպքում կարող է մասնակցել ընտրությանը, եթե հաշվառվել է պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հետո կամ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվել է ազատազրկման ձևով պատիժը կրելուց հետո»,- ասաց նա: