ԿԸՀ-ն մինչև քվեարկության օրը ընտրությունների վերաբերյալ դիմում-բողոք չի ստացել
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչև սեպտեմբերի 23-ը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ որևէ դիմում-բողոք չի ստացել: Այս մասին սեպտեմբերի 23-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը:
«Մինչև քվեարկության օրը որևէ դիմում-բողոք ԿԸՀ-ն չի ստացել: Ստացել ենք առաջարկություն, բազմաթիվ հեռախոսազանգեր ու նամակներ: Միայն թիվ 4 տեղամասային ընտրատարածքին ուղղված ընդամենը մեկ դիմում ենք ունեցել, որին անմիջապես լուծում է տրվել»,- ասաց Հակոբյանը:
Հակոբյանի խոսքով՝ իրենք տարբեր թեմաների վերաբերյալ բազմաթիվ հարցադրումներ են ստացել:
«Ներկայացված հարցադրումների մեծ մասը վերաբերում էր նրան, թե ինչպես կարելի է քվեարկել Հանրապետության տարածքից դուրս գտնվելով: Տեղեկացվել է, որ քաղաքացին պետք է լինի Երևանում, որպեսզի կարողանա մասնակցել քվեարկությանը: Բազմաթիվ հարցադրումներ ենք ունեցել ցուցակների հետ կապված, որոնք հասցեագրված են եղել Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը»,- նշեց նա: