Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում նախատեսվում է երեքշաբթի երեկոյան

Կիրակի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորք է ժամանել՝ մասնակցելու ՄԱԿ-ի գագաթաժողովի աշխատանքներին: Ըստ «Ամերիկայի ձայնի»՝ ժամանելուց անմիջապես հետո, մինչեւ ՄԱԿ, Փաշինյանը Նյու Յորքի Յեյլ ակումբում հանդիպելու է Միացյալ Նահանգների հայ համայնքի ներկայացուցիչներին՝ հանդիպում, որին տեղի հայերն անհամբեր են սպասում: ՄԱԿ-ի հարեւանությամբ գտնվող Նյու Յորքի այս հնագույն ակումբում Հայաստանի վարչապետը ներկայացնելու է հայ համայնքին «Թավշյա հեղափոխության» ձեռքբերումներն ու հեռանկարները այդ թվում եւ Սփյուռքի համար:

Երկուշաբթի Նիկոլ Փաշինյանը կայցելի Նյու Յորքի խոշորագույն Մետրոպոլիտեն թանգարանում օրերս բացված «Հայաստա՛ն» ցուցահանդեսը, որին ներկայացված է հայկական քրիստոնեական արվեստն ու գրականությունը:

Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի գագաթաժողովին, ապա դրա քաղաքական մասը հիմնականում նվիրված է լինելու Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացմանն ու Իրանի խնդրին: Եվ եթե նախորդ տարի Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ի կողմից սուր քննադատության էր ենթարկվում, ապա այս տարի քննադատության կիզակետում է Թեհրանը:

«Իրանը շարունակում է խնդիր մնալ: Իրանի մատնահետքերը նշմարվում են աշխարհի բոլոր վտանգավոր կետերում», – Միացյալ Նահանգներն այս ընթացքում նախագահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որտեղ չորեքշաբթի անցնելու է միջուկային զենքի տարածման կանխարգելմանը նվիրված հատուկ քննարկում: Քննարկմանը նախատեսվում է նաեւ այդ խնդրին նվիրված ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը: Թրամփի ելույթից ժամեր անց Նյու Յորքում հայտարարություն եւ ասուլիս է նախատեսում անցկացնել Իրանի նախագահ Հասան Ռուհանին:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում նախատեսվում է երեքշաբթի երեկոյան: Դրանից բացի երկուշաբթի եւ երեքշաբթի ՄԱԿ-ում ծրագրված են վարչապետ Փաշինյանի մի շարք ղեկավարների հետ երկկողմ հանդիպումներ:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հատուկ երկկողմ հանդիպում դեռեւս չի նախատեսված, սակայն, երկու պետությունների ղեկավարները կհանդիպեն երկուշաբթի երեկոյան Դոնալդ Թրամփի կողմից ՄԱԿ ժամանած ղեկավարների պատվին կազմակերպվող հատուկ ընդունելությանը:

Թրամփ-Փաշինյան առանձին հանդիպման գաղափարը բարձրացրել էին Միացյալ Նահանգների մի շարք կոնգրեսականներ, ովքեր կոչ էին արել Դոնալդ Թրամփին հատուկ հանդիպում անցկացնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Փորձագետների խոսքով սակայն, այս պահին նման բանակցությունները վաղաժամ են, քանի որ ձեւավորված չէ բանակցությունների օրակարգ եւ հանդիպումը կարող է կրել միայն բարի կամքի դրսեւորման բնույթ: Սպիտակ տան նախկին աշխատակից Արամ Բախշյանի խոսքով, Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ չկան սուր խնդիրներ, որոնց կարգավորման համար անհապաղ հանդիպում պահանջվեր: Քեննեթ Խաչիկյանը, ով երկար տարիներ պատրաստել է նախագահ Ռոնալդ Ռեյգանի ելույթները, ի դեպ, հենց նա է հեղինակը այն հայտարարության, որտեղ նախագահ Ռեյգանն օգտագործել է «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը, նշում է, որ ՄԱԿ-ի գագաթաժողովը բարի կամքի հանդիպումներ կազմակերպելու լավագույն ժամանակաշրջանը չէ, քանի որ հարյուրից ավելի այլ երկրների ղեկավարներ նույնպես ցանկանում են հանդիպել ԱՄՆ-ի նախագահին.

«Հայաստանը փոքր երկիր է եւ ռազմավարական չափազանց բարձր նշանակություն չունի Միացյալ Նահանգների համար: Հույս ունեմ, այս նոր ղեկավարության օրոք, որը պայքարում է կոռուպցիայի դեմ, Հայաստանը ձեռք կբերի ռազմավարական այդ նշանակությունը»:

Տեսանյութեր

Լրահոս