«Իհարկե, այդ ջերմությունը շատ ոգևորիչ է, շատ լավ է». Զոհրաբ Մնացականյան

ԱՄՆ-ն Հայաստանի գործընկեր երկրներից մեկն է, որի հետ 27 տարիների ընթացքում կառուցվել է բավական հարուստ օրակարգ. ներկայումս ևս Հայաստանը Միացյալ Նահանգների հետ ունի հարաբերությունների բավականին մեծ օրակարգ: Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Իրականում» հաղորդաշարի շրջանակում տված հարցազրույցում նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Միացյալ Նահանգները ողջունեցին այն իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում, որոնք ուղղված էին ժողովրդավարության, օրենքի գերակայության ամրապնդմանը: Այդ բոլորն արժեքների վերահաստատման, ամրապնդման գործընթացներ էին: Միացյալ Նահանգները, այդ առումով լինելով մեր գործընկերը, մեզ ողջունում են, մեզ շնորհավորում: Իհարկե, այդ ջերմությունը շատ ոգևորիչ է, շատ լավ է»,- նշել է նախարարը:

Հարցին կարո՞ղ ենք արձանագրել, որ սկսվում է հարաբերությունների նոր, ավելի դինամիկ փուլ, Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է, որ երկու երկրների հարաբերությունները շարունակական են:

«Մենք ունենք ընդլայնվող օրակարգ: Միացյալ Նահանգները բավական երկար աշխատել են մեզ հետ այս օրակարգի շուրջ, և մենք միանշանակ շարունակելու ենք: Մենք միայն ողջունում ենք և ասում, որ կկարողանանք առավել խորացնել և ամրապնդել մեր համագործակցությունը»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը:

Տեսանյութեր

Լրահոս