Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի ևս մեկ ռազմանավ է մտել Միջերկրական ծով

Գերմանիայի ռազմածովային ուժերի «Աուգսբուրգ» ֆրեգատը սեպտեմբերի 21-ին, անցնելով Ջիբրալթարի նեղուցով, մտել է Միջերկրական ծովի ջրատարածք: Այդ մասին վկայում են արեւմտյան ծովային ռեսուրսների մոնիթորինգային տվյալները: Նրանց տեղեկությունների համաձայն, «Աուգսբուրգ» ֆրեգատն ընթանում է արեւելյան ուղղությամբ։

Ներկայում Արեւելյան Միջերկրականում արդեն պարեկություն են իրականացնում ՆԱՏՕ-ի Երկրորդ մշտական ռազմածովային խմբի նավերը, մասնավորապես, Նիդեռլանդների ռազմածովային ուժերի «Դե Ռյոյտեր», Կանադայի ՌԾՈՒ-ի «Վիլ դե Քվեբեկ», Իսպանիայի ՌԾՈՒ-ի «Կրիստոբալ Կոլոն» եւ Հունաստանի ռազմածովային ուժերի «Էլլի» ֆրեգատները: Այնտեղ նկատվել է նաեւ ֆրանսիական «Օվեռն» ֆրեգատը:

Բացի այդ, Միջերկրական ծովի ջրատարածքի արեւելյան մասում են գտնվում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի երեք՝ «Քառնի», «Ռոսս» եւ «Ուինսթոն Չերչիլ» հրթիռային էսկադրային ականակիրները, որոնք հանդերձված են 1,6 հազար կիլոմետր հեռահարությամբ «Թոմահավք» թեւավոր հրթիռներով, եւ վեցերորդ օպերատիվ նավատորմի ֆլագման «Մաունթ Ուիթնի» շտաբային նավը:

Միջերկրական ծովում նաեւ գտնվում է «Լոս Անջելես» դասի առնվազն երեք ամերիկյան հարվածային ատոմային սուզանավեր, որոնցից յուրաքանչյուրը կրում է 12 «Թոմահավք» թեւավոր հրթիռներ, եւ Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմածովային նավատորմի «Թելենթ» հարվածային ատոմային սուզանավը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս