Սեպտեմբերի 21-ին զինվորների առօրյան կտարբերվի մյուս օրերից. Արծրուն Հովհաննիսյան
Հայաստանի Հանրապետությունը անկախության օրը` սեպտեմբերի 21-ը, տոնական է ինչպես բոլոր հայաստանցիների և աշխարհասփյուռ հայերի, այնպես էլ ՀՀ զինված ուժերի զինծառայողների համար:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, զինվորների օրակարգը փոխվում է, իսկ զորամասերում սպասվում են տոնական միջոցառումներ:
« Հայաստանի անկախության օրվա առթիվ զորամասերում կտրվի տոնական ճաշ, քաղցրավենիք, իսկ օրակարգով նախատեսված վերկացն ու քունը կլինի մեկ ժամ ուշ: Զորամասի հրամանատարության կողմից կլինեն հանդիսավոր ելույթներ»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը հայտնեց, որ որոշ զորամասերում կկազմակերպվեն տոնական համերգներ:
Ըստ Հովհաննիսյանի՝ զորահանդես չի նախատեսվում, քանի որ այս տարի հոբելյանական չէ:
Հայաստանի Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 27-րդ տարեդարձը: Հայ ժողովուրդը 27 տարի առաջ այս օրը հանրաքվեի միջոցով իր վճռական «այո» -ն ասաց Հայաստանի անկախությանը: Չափահաս քաղաքացիների 95,5 տոկոսը «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեց: