Արթուր Դավթյանը Դուշամբեում կմասնակցի ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի նիստին
Սեպտեմբերի 20-ին Դուշամբեում կայանալիք ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի 28-րդ նիստին մասնակցելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Տաջիկստանի Հանրապետություն:
Ամենամյա նիստի ընթացքում անդամ-երկրների դատախազությունները կփոխանակվեն գործունեության տարբեր ոլորտներում ունեցած դրական դինամիկայի իրենց փորձով, կանդրադառնան անդամ երկրներում հանցավորության, մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողության աշխատանքների ընդհանուր վիճակին, հանցավորության դեմ պայքարում միջազգային պայմանագրերի կատարման պրակտիկային:
Նախատեսված է համակողմանի քննարկման առարկա դարձնել ահաբեկչության և ծայրահեղականության այլ դրսևորումների, թմրանյութերի և հոգեներգործուն միջոցների ապօրինի շրջանառության, մարդկանց առևտրի, անօրինական միգրացիայի, կիբերհանցագործությունների, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում իրականացվող համատեղ ծրագրերի կատարման ընթացքն ու արդյունավետությունը, առկա մարտահրավերներն ու դրանց հակազդման համատեղ նոր միջոցառումների ձեռարկման հեռանկարները:
Օրակարգային հարցերից են նաև անդամ երկրների տարածքներում միմյանց քաղաքացիների իրավունքների պաշտպանության ներկայիս վիճակը և այս ոլորտում համագործակցության խորացման մոտեցումները, ինչպես նաև, նախորդ տարիների համատեղ գործունեության արդյունքների գնահատմամբ, ի թիվս այլ փաստաթղթերի, 2019-2023թթ. Կոորդիանացիոն խորհրդի աշխատանքների պլանի հաստատումը և մի քանի այլ հարցեր:
ՀՀ գլխավոր դատախազը հանդես կգա ելույթով:
Նախատեսված են եկկողմ ձևաչափով հանդիպումներ մասնակից այլ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ: