Պոլ Մաքքարթնին 36 տարում առաջին անգամ առաջին հորիզոնականն է զբաղեցրել Billboard 200 չարթում
Պոլ Մաքքարթնիի նոր սոլո ալբոմը, որը կրում է Egypt Station անվանումը, երաժշտին թույլ է տվել վերջին 36 տարվա ընթացքում առաջին անգամ զբաղեցնել Billboard 200 չարթի առաջին հորիզոնականը: Ինչպես սեպտեմբերի 16-ին հայտնել է Billboard հանդեսը, այդ սկավառակն ԱՄՆ-ում ամենատարածվածն է դարձել անցած շաբաթվա ընթացքում։
Նրա տվյալներով՝ բրիտանացի երաժիշտը չարթն առաջին անգամ է գլխավորել 1982 թվականից ի վեր, երբ նա երեք շաբաթ անընդմեջ առաջին հորիզոնականն էր զբաղեցնում իր Tug of War («Ճոպանի պրկումը») չորրորդ սոլո ալբոմով՝: Սա ամենաերկար ընդմիջումներից մեկն է հանդեսի ողջ պատմության ընթացքում:
Ինչպես նշում է հրատարակությունը, մեկ շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում վաճառվել է ալբոմի 153 հազար օրինակ, ինչը երկրորդ արդյունքն է դարձել երաժշտի կարիերայում: 2007 թվականին վաճառվել էր Memory Almost Full («Հիշողությունը գրեթե լիքն է») սկավառակի 161 հազար օրինակ, սակայն այդ ժամանակ Պոլ Մաքքարթնին բարձրացավ Billboard 200 չարթի ընդամենը երրորդ հորիզոնական:
Սեպտեմբերի 7-ին The Beatles խմբի նախկին մասնակից Պոլ Մաքքարթնին թողարկել է թվով 17-րդ սոլո ալբոմը՝ Egypt Station-ը: Սա Մաքքարթնիի առաջին ստուդիական սկավառակն է 2013 թվականից ի վեր, երբ նա ներկայացրեց New ալբոմը, որը լայն ժողովրդականություն ձեռք բերեց, հաղորդել է ՏԱՍՍ-ը: