Արցախի ԱԺ խմբակցությունների ու հանձնաժողովների ղեկավարները հանդիպում են ունեցել ՀՀ առաջին փոխվարչապետի հետ
Սեպտեմբերի 15-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել խորհրդարանական խմբակցությունների և մշտական հանձնաժողովների ղեկավարների հանդիպումը ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ, որին մասնակցել է Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, խորհրդարանի ղեկավարը ողջունել է Արցախ կատարած այցի շրջանակներում խորհրդարանականների հետ հանդիպելու Արարատ Միրզոյանի նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ նման հանդիպումները օգտակար են երկու հայկական հանրապետությունների համար կարևոր թեմաների և առկա մարտահրավերների շուրջ տեսակետներ փոխանակելու առումով:
Իր հերթին ՀՀ առաջին փոխվարչապետը կարևորել է նման ձևաչափով հանդիպումները, որոնք հնարավորություն են ընձեռում անկեղծ զրույց ծավալելու փոխադարձ հետաքրքրության հարցերի վերաբերյալ: Իր խոսքում Արարատ Միրզոյանը անդրադարձել է Հայաստանում ներքաղաքական իրավիճակին, ՀՀ նոր կառավարության կողմից իրականացվող քաղաքականությանը, ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքներին և այլ թեմաների:
Հանդիպման ընթացքում ՀՀ առաջին փոխվարչապետը պատասխանել է նաև խորհրդարանականների հարցերին: