 
                        Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Շենգավիթ» ԲԿ-ի նոր մասնաշենքի բացման արարողությանը
 
                                    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի բացման արարողությանը: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին:
Բազմապրոֆիլ կենտրոնը հագեցած է ժամանակակից պահանջներին համապատասխան նոր կառավարման համակարգով, նոր սերնդի բժշկական սարքավորումներով, ժամանակակից վիրասրահներով, հարմարավետ հիվանդասենյակներով:
Կենտրոնի ղեկավարները վստահեցրել են, որ քաղաքացիներին մատուցելու են բարձրորակ ծառայություններ՝ ապահովելով հետազոտությունների, միջամտությունների, վիրահատությունների ողջ ծավալը: Նրանց խոսքով՝ կենտրոնի բժշիկները պարբերաբար վերապատրաստվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ եվրոպական և իսրայելական կլինիկաներում: Նախատեսվում է իրականացնել նաև հեռահար բժշկություն, փորձի փոխանակում, առցանց օնլայն վիրահատություններ:
Վարչապետ Փաշինյանը ողջունել է առողջապահության ոլորտում նմանատիպ խոշոր ծրագրերի իրականացումն ու քաղաքացիներին բարձր որակի ծառայությունների մատուցումը:
 
  
  
  
  
  
  
  
  
  
  
  
  
  
 
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        