«Հանրության ուշադրությունն անընդհատ շեղում են գոյություն չունեցող կամ թույլ հիմնավորվող փաստերի վրա». Հայկ Ալումյան

«Իրավապահները փորձում են հանրությանը ներկայացնել ինչ-որ ցնցող տեղեկություն, դրանով շեղելով խնդիրը բուն էությունից։ Ասում են՝ Աբգարյանը սպանվել է հատուկջոկատայինների կողմից։ Դա շատ լուրջ հայտարարություն է, նման հայտարարություն անողն առնվազն պետք է կրակողի անունն իմանար, առնվազն մեղադրանք առաջադրված լիներ, էլ չեմ ասում՝ արդեն օրինական ուժի մեջ մտած դատավճիռ լիներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով ՀՔԾ պետի այն հայտարարությանը, թե Մարտի 1-ի զոհերից Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկջոկատայինների կողմից։

«Քրեական օրենսգիրքն ասում է, որ բավարար հիմքերի առկայության դեպքում առաջադրվում է  մեղադրանք։ Իրենք դեռ մեղադրանք չեն առաջադրել, չունեն այդ աստիճանի ապացույցներ, որ կարողանան ասել՝ դա ով է արել, բայց արդեն ասում են, որ դա արվել է այսինչ ուժերի կողմից՝ այսինչ նպատակներով։ Չի կարելի այդպես»,- նշեց Ալումյանը՝ կրկին ընդգծելով, որ, եթե ապացույցներ կան, ուրեմն արդեն պետք է մեղադրյալ ունենայինք։

«Այսօրվա դրությամբ իրենք համարում են, որ իրենց ապացույցները բավարար չեն որևէ մեկի նկատմամբ մեղադրանք առաջադրելու համար, բայց մյուս կողմից էլ՝ համարում են, որ դրանք բավարար են հանրությանը նման ինֆորմացիայով տպավորություններ ստեղծել։ Հանրության ուշադրությունն անընդհատ շեղում են գոյություն չունեցող կամ թույլ հիմնավորվող փաստերի վրա»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ասել էր, թե Տիգրան Աբգարյանը սպանվել է այն ժամանակ, երբ արդեն իսկ Քոչարյանն արտակարգ դրություն էր մտցրել, սակայն, որևէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող, ըստ նրա՝ չկար. «Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որ Ռոբերտ Քոչարյանի այդ խոսքերը, թե՝ մենք ունենք զոհեր, հիմնավորվի։ Դա նախաքննությամբ հիմնավորվել է»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս