ԱՄՆ-ը Հայաստանի իշխանության համար սահման գծեց

«ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը կարճ էր, բայց տարողունակ: Ըստ էության ԱՄՆ դեսպանատունը հրապարակավ ճանաչեց Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնելու ՀՀ իշխանությունների ցանկությունը, ընդունեց, որ դա հասկանալի է՝ հաշվի առնելով այնտեղ առկա հայ համայնքի փաստը և ընդհանրապես մարդասիրական առաքելություն իրականացնելու ցանկությունը: Բնականաբար, ԱՄՆ-ը նաև հասկանում է, թե ինչպիսին է Հայաստանի աշխարհաքաղաքական իրավիճակը, հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները և բոլոր կողմերի հետ հարաբերություններում դրական հունը պահելու ցանկությունը:

Սակայն ամերիկյան կողմը նշեց նաև Իդլիբում տեղի ունեցող զարգացումների մասին, Ասադի ռեժիմի քայլերի, Ռուսաստանի և Իրանի մասին: ԱՄՆ-ը, ըստ էության, ամենապարզ լեզվով հասկացրեց, թե ինչը կարող է ընդունելի լինել իր համար, իսկ ինչը` ոչ: Ներկայիս ակտիվ ռազմական գործողությունների թատերաբեմն Իդլիբ նահանգն է, որից իր մարդասիրական առաքելության շրջանակում պետք է հեռու մնա Հայաստանը՝ խնդիրներից խուսափելու նպատակով»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ամերիկացի քաղաքական վերլուծաբան, նախկին դիվանագետ Փոլ Գոբլը՝ անդրադառնալով Սիրիայում հումանիտար նախաձեռնություն իրականացնելու ՀՀ իշխանությունների նախագծին:

Գոբլի խոսքով, վստահաբար, ՀՀ իշխանություններն իրենց պաշտոնական և մասնավոր զրույցներում այս թեման քննարկել են բոլոր կողմերի հետ՝ հասկանալու համար դրա հնարավոր հետևանքները և իրենց ազատության սահմանները:

«Վերջերս, եթե չեմ սխալվում, եղել են հանդիպումներ Հայաստանի իշխանությունների և ամերիկյան կողմի մի շարք ներկայացուցիչների միջև: Ուստի, եթե իսկապես առաքելությունն իրականացվի այնպես, ինչպես հայտարարել են ՀՀ իշխանությունները՝ խնդիրներ չեն լինի, քանի որ, ի վերջո, Սիրիայի վերականգնմամբ զբաղվելու են շատ երկրներ, որոնք կցանկանան մասնակցել այդ գործընթացին»,- ասել է Գոբլը:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս